«Իրանը կողմ է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը». իրանագետ
«Գազային պայմանագրերի մասին խոսելը դեռ շուտ է, որովհետև մենք դեռ կանգնած ենք Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու պայմանագրերը ստորագրելու առաջ, և մինչև հիմա ոչ ոք բացահայտ չգիտի, թե այդ պայմանագրի մեջ ինչ կետեր են ներառվելու: Եթե լինի ընդհանուր միության մեջ համագործակցություն, ապա Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները կարող է օգտագործել նաև ընդհանուր շահերի առումով, այսինքն` Հայաստանն Իրանին սահմանակից երկիր է, իսկ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանն Իրանի հետ սահմանակից չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Նա կարևորեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին.
«Իրանը կողմ է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, դա ոչ թե դիվանագիտական, այլ հիմնավորված հայտարարություն է: Նա բացահայտ գիտակցում է, որ եթե սկսվեցին պատերազմական գործողություններ, ապա դրանք չեն սահմանափակվելու միայն հայկական և ադրբեջանական զորքերով: Իսկ Իրանը չի թաքցնում, որ իր կարևորագույն նպատակներից է՝ խոչընդոտել տարածաշրջանում երրորդ կողմի ռազմական զորքերի առկայությանը, և երկու կողմերից առաջարկ ստանալու դեպքում` պատրաստ է հանդես գալ` որպես միջնորդ»:
Լրագրողների այն հարցին, թե հաշվի առնելով տարածաշրջանային արագ զարգացումները` Իրանն ինչպիսի՞ պլաններ ունի Նախիջևանի կամ Հայաստանի հետ կապված, Մ. Բաղդասարյանը պատասխանեց.
«Նախիջևանի հարցում Իրանն ունի իր պլանները, որովհետև Նախիջևանը ներկայիս դրությամբ ոչ այնքան ադրբեջանական է, ինչքան թուրքական, և եթե Թուրքիան ազդեցություն է թողնում Նախիջևանի վրա, ապա Իրանի մի հատվածն ընկնում է շրջափակման մեջ, ու, բնականաբար, Իրանը պետք է քայլեր ձեռնարկի:
Նախիջևանի բանալին փաստացի Իրանի ձեռքերում է. մի քանի տարի առաջ, երբ Իրանը փակեց սահմանային անցակետը, Նախիջևանը փաստացի ընկավ շրջափակման մեջ: Իրանը Ադրբեջանին ցույց տվեց, որ Նախիջևանն այդքան էլ անկախ վիճակում չէ: Իրանը պետք է ինչ-որ բան հակադրի թուրքական ազդեցությանը Նախիջևանում:
Դա կարող է լինել տնտեսական աջակցությունը Նախիջևանին, որը ներկա դրությամբ լուրջ տնտեսական խնդիրներ ունի: Ադրբեջանին էլ ձեռնտու չէ Թուրքիայի ազդեցության մեծացումը Նախիջևանում, որովհետև, եթե Թուրքիան ներխուժի Նախիջևան, բնականաբար, հետո նաև Ադրբեջանն է վերցնելու իր իշխանության տակ, իսկ վերջինս կկորցնի իր ինքնիշխանությունը»: