Արթուր Բաղդասարյանը մեղադրանքներ հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին

ՕԵԿ երկար գովազդված հանրահավաքը տեղի ունեցավ: Մինչև հանրահավաքում հնչած ելույթներին անդադառնալը փորձենք մի փոքր համեմատություն անցկացնել ՕԵԿ նախկին և այսօրվա հանրահավաքների միջև: Նախկինում ՕԵԿ-ը հանրահավաքներ է անցկացրել երկու կարգավիճակում. երբ իշխանական կոալիցիայի անդամ էր, ուներ նախարարական պորտֆելներ և օգտագործելով լծակները կարողանում էր մարդկանց ստիպել հրապարակ գալ և երբ ընդդիմություն էր, մարդիկ իսկապես հավատում էին ՕԵԿ-ին և նրա կոչով հավաքվում էին հրապարակում: Երկու դեպքում էլ ՕԵԿ հանրահավաքները ստացվում էին բազմամարդ և բավական տպավորիչ:

Հիմա ՕԵԿ-ը ոչ իշխանություն ունի, ոչ հանրային վստահություն հրապարակում մարդ հավաքելու համար: Հենց դա է պատճառը, որ այսօր հրապարկում սկզբում հնարավոր էր եղել հավաքել երկու հազարի չափ մարդ, իսկ երբ հանրահավաքի կուլմինացիան էր`ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը, հրապարակում հազար մարդ էլ չէր մնացել, որոնց մեծ մասն էլ չէր լսում, թե ելույթ ունեցողը ինչ է խոսում. նրանց համար կարևորը ֆիզիկական ներկայությունն էր, որը նրանք ապահովում էին իրենց հրապարակում ներկա գտնվելով: Բավական է նշել, որ երբ Արթուր Բաղդասարյանը իր ելույթը ավարտելուց հետո առաջարկեց վանկարկել ՕԵԿ, լավագույն դեպքում հարյուր մարդ հետևեց նրա կոչին:

Ինչ վերաբերում է հանրահավաքի բովանդակությանը, ապա ԱԺ ՕԵԿ-խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, խմբակցության անդամներ Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը բացատրում էին, որ իրենք դեմ են սոցիական բևեռացմանը, որ պետք է պայքարել էլեկտրաէներգիայի և գազի սակագնի թանկացման դեմ, քանի որ դա հանգեցնելու է գների շղթայական բարձրացման, հիշեցնում էին, որ ՕԵԿ-ը դիմել է Վարչական դատարան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի նրանք վերանայեն ոչ միայն հուլիսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու մասին որոշումը, այլ նաև գործող սակագները:

Օրինակ, Հեղինե Բիշարյանը վստահեցնում էր, որ ՕԵԿ-ը «պայքարող, կռիվ տվող տեսակ է», և որ իրենք միշտ էլ պայքարել են հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության:

Նրանց ելույթներից գրեթե ոչնչով չէր տարբերվում նաև ՕԵԿ նախագահի ելույթը, որը ևս համեմված էր սոցիալական պոպուլիզմի դրսևորումներով. մարդկաց սոցիալական ծանր վիճակի, արտագաղթի, երկիրը դատարվելու և նման երևութների դեմ պայքար մղելու վճռականության հավաստիացումներով: «Եթե վճռական չլինենք արմատական գործողություններ կատարելու հարցում հայրենիք ենք կորցնելու»,- հայտարարում էր Արթուր Բաղդասարյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որն է այդ վճռական գործողությունը, կամ երբ է այն կատարվելու:

Բայց ի տարբերություն իր կուսակիցների՝ Արթուր Բաղդասարյանը փորձեց ինքնաարդարացման և ինքնամաքրման հրապարակային ակտ կատարել՝ մանրամասն անդրադառնալով ՕԵԿ հասցեին հչող մեղադրանքներին. հատկապես այն մասով, որ ՕԵԿ-ը կեղծ ընդդիմություն է, որ ինչպես 2006թ. այսօր էլ ընդդիմադիր դաշտ է գործուղվել իշխանությունների կողմից ընդդիմադիր դաշտը պառակտելու համար:

Եվ որպեսզի հերքի այդ մեղադրանքները՝ հիշեցրեց, թե ինչպես 2006թ. 22 հոգանոց ՕԵԿ խմբակցությունից մնաց 10 հոգանոց խմբակցություն: Արթուր Բաղդասարյանն ասում է, որ ընդդիմության ներկայացուցիչները փոխանակ ուրախանալու, որ ՕԵԿ-ը իշխանությունից տեղափոխվել է ընդդիմադիր դաշտ, թույնով ու թշնամանքով են լցված ՕԵԿ-ի նկատմամբ: Թերևս պատասխանելով երկու օր առաջ ՀԱԿ կողմից վերահսկվող կայքերից մեկում հրապարակված վիկիլիքսյան բացահատումներին, Արթուր Բաղդասարյանն էլ իր հերթին մեղադրանքներ հնչեցրեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ մասնավորապես հարցնելով, թե ինչու նա 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ չներկայացրեց գործողությունների կոնկրետ ծրագրիր, չգտնվեց նույնքան վճռական, ինչպես մյուս երկրների ընդդիմությունների առաջնորդները, որոնք իրենց վճռականության շնորհիվ հասան հաջողության:

Նա նաև հարց ուղղեց Տեր-Պետրոսյանին՝ ինչո՞ւ նա 2008թ. մարտի 1-ին դուրս չեկավ իր շքեղ առանձնատնից և չգլխավորեց իրեն ձայն տված և Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում հավաքված ժողովրդին: Չնայած ընդդիմության հասցեին հչեցրած այս մեղադրանքներին, իր ելույթի վերջում Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ, նաև սակագների հարցում համատեղ որոշումներ կայացնելու առումով:

Արթուր Բաղդասրայանը մի կողմից հասկանում է, որ իր համար վտանագավոր է այս փուլում հակամարտության մեջ մտնել ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ, քանի որ նա դեռ այդ դաշտում ինքնահաստատվելու խնդիր ունի, բայց մյուս կողմից՝ մտածում է, որ անպատասխան թողնել իր հասեցին հնչող մեղադրանքները և հարձակումները նույնպես չի կարել թույլ տալ:

Բայց քառյակը սպասում էր այս հանրահավաքին. նրանք այլևս մատնացույց են անելու, որ ՕԵԿ-ը չունի ընտրազանգված, իսկ ՀԱԿ առաջնորդի հասցեին հնչեցված մեղադրանքները հնարավորություն են տալու ՕԵԿ-ին հռչակել ընդդիմության թշնամի և իշխանության դրածո:

 

Տեսանյութեր

Լրահոս