Սահմանամերձ գյուղի 73-ամյա բնակիչը դատապարտվեց դաշտում գտած 14 փամփուշտի համար
tesankyun.am-ը գրում է. Հուլիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում կայացավ սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ,1941թ. ծնված Հենրիկ Ռեւազյանի դատավարությունը:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 7-ին վերջինիս տանը խուզարկութամբ հայտնաբերել են 13 հատ 5.45 մմ եւ 1 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Ռեւազյանն այդ փամփուշները 2011թ. աշնանը գտել է գյուղի հարակից տարածքում եւ պահել իր տան նկուղում: Գումար չունենալու պատճառով նա նախկինում 2անգամ չէր կարողացել մեկնել Իջեւան, որպեսզի մասնակցի իր դատավարությանը:
Հուլիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ինքն էր Նոյեմբերյան եկել, նիստ անցկացրել, որպեսզի Հ. Ռեւազյանը կարողանա դրան մասնակցել:
Ի դեպ, վերջինս Նոյեմբերյանի դատարան էր եկել ոստիկանական մեքենայով: Դատավոր Մարդանյանը բարի կամք ցուցաբերելով՝ դատը մեկուկես ժամով հետաձգեց, որպեսզի հանրային պաշտպան Արմեն Ադամյանը կարողանա Դիլիջանից Նոյեմբերյան ժամանել:
Ա. Ադամյանը ժամանելով՝ խորհրդակցեց իր պաշտպանյալի հետ եւ դատարանին միջնորդեց անցկացնել արագացված դատաքննություն:
Դատարանը բավարարեց միջնորդությունը: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող, դժվարությամբ տեղաշարժվող, վատ լսող Հենրիկ Ռեւազյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր համարեց, ասելով.
« Իմ ինչի՞ն էին պետք այդ փամփուշտները, որ 2 տարի պահում էի պադվալում: Խնդրում եմ՝ ինձ կալանք մի տվեք, մի փակեք»:
Դատարանը վճռեց Հ. Ռեւազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով(«Ապօրինի կերպով հրազեն,բացի ողորկափող հրացանից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք,ակոսափող հրացանի փամփուշտներ,պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը») եւ նրան դատապարտեց 1 ամսվա կալանքի, նաեւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարվա փորձաշրջան:
Հենրիկ Ռեւզյանը սկզբից չհասկացավ դատավճռի իմաստը, երբ դատավորն այն բացատրեց, շնորհակալության խոսքեր ասաց :
Մանրամասներն՝ այստեղ