Տարոն Մարգարյանի պարզաբանումը Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքի վերաբերյալ (տեսանյութ)
Ավան վարչական շրջանի երեք բնակիչներ, ովքեր համայնքային և այլ անձանց սեփականություն հանդիսացող հողերի վրա առանց իրավահաստատող փաստաթղթերի երկար տարիներ զբաղվել են հողագործությամբ, հուլիսի 17-ին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին ներկայացրել՝ պահանջելով այդ մշակվող տարածքները անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել հետևյալը.
Մի դեպքում խոսքը վերաբերում է բողոքող քաղաքացու կողմից մշակվող հողակտորի մի հատվածին, որը մինչև 2006թ. կազմակերպված հողի աճուրդ-վաճառքից հետո օտարված եղել է: Այս դեպքում աճուրդում շահող ճանաչված կողմը, համաձայնության գալով բողոքող քաղաքացու հետ, դրամական փոխհատուցում է տրամադրել նրան,
մյուս երկու դեպքերում համայնքային եւ այլ անձանց սեփականություն հանդիսացող (ընդ որում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մի հատվածը՝ համաձայն ՀՀ կառավարություն 15.12.2005թ. թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հանդիսանում է նախագծային ճանապարհ) հողատարածքներն օգտագործող քաղաքացիները պահանջում են դրանք անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Մինչդեռ, ինչպես արդեն վերը նշվել է, քաղաքացիները չեն ներկայացրել ՀՀ օրենսդրությանը համապատասխանող տվյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր, հետեւաբար՝ դրանք ենթակա չեն տրամադրման։
Միաժամանակ հայտնում ենք, որ հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունք սահմանող դատական ակտերը բեկանվել են, և ներկայումս գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարանում, որից մեկ գործով քաղաքացու դիմումը մերժվել է։
Ինչ վերաբերում է բողոքող քաղաքացիների կողմից հնչեցված այն տեղեկատվությանը, թե տվյալ երեք տարածքները ներկայումս դրված են աճուրդի, ապա պնդում ենք որ համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքները 2006 թվականից ի վեր աճուրդի դրված չեն եղել, և ոչ ներկայում, ու ոչ էլ առաջիկայում դրանց աճուրդ չի նախատեսվում։
Պետք է նշենք, որ բողոքող երեք քաղաքացիները նաև փաստել են, որ մինչ օրս Երևանի քաղաքապետարանի, այդ թվում նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տվյալ հողատարածքներն ազատելու պահանջ չի ներկայացվել և կամ դրանց մշակմանը խոչընդոտելու որևէ քայլ չի ձեռնարկվել:
Վարչական շրջանի ղեկավարը կշարունակի տվյալ քաղաքացիների հետ քննարկել խնդրո առարկա հարցը, եւ քաղաքապետարանը հետևողական կլինի խնդիրներին օրենքով սահմանված կարգով լուծումներ տալու հարցում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն