Քննարկվել են վարչատարածքային բարեփոխումներից բխող օրենսդրական նախագծեր
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններն իրականացվելիք վարչատարածքային բարեփոխումների համատեքստում են: Նախագծերն արդեն ներկայացվել են Եվրախորհրդի փորձաքննությանը, եւ ակնկալվում է, որ փորձագիտական կարծիքը կստացվի սեպտեմբերին:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն առաջարկեց փաթեթի վերաբերյալ մասնագիտական եւ հանրային քննարկումներ կազմակերպել, այդ թվում՝ նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, որից հետո միայն այն կուղարկվի կառավարություն:
Կոլեգիայի նիստում ներկայացվեցին նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախագծի մշակմամբ զբաղվող թիմի ղեկավար, «Համայնքների ֆինանսիստների միություն» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը տեղեկացրեց, որ փաստաթղթի հիմքում ՀՀ կառավարության կողմից որդեգրված՝ տարածքների համաչափ զարգացման եւ իրականացվելիք վարչատարածքային բարեփոխումների գաղափարախոսությունն է: Նշվեց, որ նախագծի մի շարք հոդվածների վերաբերյալ առաջարկություններն ուղարկվել են Եվրախորհրդի փորձագետներին, նախատեսվում է, որ սեպտեմբերին կժամանեն միջազգային փորձագետներ՝ համատեղ քննարկումների անցկացման համար:
Փոխվարչապետը նախագիծը մշակող թիմին առաջարկեց աշխատանքային քննարկումներ կազմակերպել նաեւ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ նախագծի հիմքում ընկած սկզբունքային մոտեցումները ներկայացնելու եւ նրանց կարծիքները լսելու նպատակով:
Նիստում փոխվարչապետն անդրադարձավ նաեւ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման հարցերին: Նկատելով, որ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրում վարչական հսկողության իրականացման մասով կատարված փոփոխություններից արդեն անցել է մեկ տարի՝ փոխվարչապետն առաջարկեց դիմել գործընկեր հասարակական կազմակերպություններին՝ հրամանագրի պահանջների կիրառման նկատմամբ անկախ մոնիթորինգ իրականացնելու համար: Կոլեգիան ընդունեց առաջարկությունը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին