«Արյունահոսություն, թերի վիժում, չբերությունից մինչեւ մահ». «Սայտոտեկի» ազատ վաճառքն արգելվեց. «Մեդիալաբ»
Առողջապահության նախարարությունը վերջապես որոշում է ընդունել, որի համաձայն, օգոսոտոսի 1-ից վիժում առաջացնող «Սայտոտեկ» դեղամիջոցը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով: «Մեդիալաբի» փոխանցմամբ՝ այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարարությունն արդեն իսկ տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին: «Սայտոտեկը» իրականում ստամոքսի հակախոցային պատրաստուկ է, սակայն խիստ հակացուցված լինելով հղիներին՝ արգանդի սուր կծկումներ է առաջացնում` արյունահոսության և պտղի վիժման հիմք դառնալով:
Ըստ առողջապահության ոլորտի մասնագետների, խնդիրը չափազանց արդիական է: Եթե նախկինում շատ կանայք անցանկալի հղիությունից ազատվելու համար դիմում էին «հնարավոր և անհնարին» միջոցներին` պահարանների վրայից թռչելուն, արգանդի մեջ տարբեր առարկաներ և խողովակներ մտցնելուց մինչև հեքիմական դեղաբույսերով խառնուրդներ խմելուն, վերջին տարիներին Հայաստանում վաճառվող` վիժում առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես, «Սայտոտեկը» (Cytotec), առաջատարի դիրք է գրավել` տնային սխալ կիրառման դեպքում իսկական պատուհաս դառնալով շատ կանանց համար:
Մասնագետները նշում են, որ հղիության ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» փոքր հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:
Ըստ ԱՆ-ից «Մեդիալաբին» տրամադրած տվյալների, եթե, օրինակ, 2010-ին «Սայտոտեկ 200 մկգ» դեղամիջոցից պաշտոնապես Հայաստան է ներկրվել 2500 տուփ, ապա 2011-ին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 10 անգամ` հասնելով 26.655 տուփի:
«Հասկանո՞ւմ եք, «Սայտոտեկը» հզոր պրեպարատ է, իսկ մեզ մոտ, առանց իմանալու, անգրագետ վերցնում են և խմում միանգամից նույնիսկ 16 հաբ… Այդ պատճառով մենք քանի անգամ նույնիսկ մահվան դեպք ենք ունեցել: Ամենօրյա պրակտիկայում կանանց և աղջիկներին բերում են ներքին արյունահոսությամբ, որոնց կյանքը հազիվ ենք փրկում»,- «Մեդիալաբին» ասել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: