Լեւոն Հայրապետյանն ընդամենը 4 օր առաջ էր Արցախից գնացել. NEWS.am
Մոսկվայում հուլիսի 15-ին կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանն առողջական շատ լուրջ խնդիրներ ունի, նրան շտապ ինսուլին է հարկավոր, իսկ եթե այսպես շարունակվի, ապա նրա կյանքը վտանգված է:
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Լեւոն Հայրապետյանի մտերիմ ընկեր եւ հավատարմագրված անձ Մացակ Փոլադյանի հետ:
Պարոն Փոլադյան, տեղեկություններ ունե՞ք, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Լեւոն Հայրապետյանը:
Ինքը շատ վատ վիճակում է, առողջականը նկատի ունեմ, նա շաքարային դիաբետ ունի եւ նրան շտապ ինսուլին է հարկավոր, առանց դեղամիջոցների նա ապրել չի կարող: Այս վիճակում նա նույնիսկ կարող է մահանալ: Իսկ ինչ հոգեկանին է վերաբերվում, ապա նա շատ ընկճված է:
Ըստ Ձեզ՝ ինչի՞ համար են Լեւոն Հայրապետյանին կալանավորել: Շատ է խոսվում այն մասին, որ սա քաղաքական հաշվեհարդար է:
Այստեղ խնդիրները շատ են, բայց մեծ մասամբ՝ քաղաքական եւ առաջնահերթ Ադրբեջանի մատն է խառը, բացի դրանից՝ տարօրինակ է, որ հիմա է այս ամբողջը լինում. նախ գրում են, թե Մոնակոյից վերադառնալիս են բռնել, սակայն իրականում Լեւոնը եկել էր ինձ մոտ Փարիզ, որտեղից էլ մեկ շաբաթ առաջ եկել է Երեւան, եւ միայն Երեւան վերադառնալիս է օդանավակայանում բռնվել: Զարմանալի է նաեւ, որովհետեւ նա Պուտինի հետ լավ հարաբերությունների մեջ էր:
Թե ինչու նման բան եղավ, չենք հասկանում, որովհետեւ Լեւոնը շատ պարկեշտ անձնավորություն է: Բայց որ նայում ես ժամանակաշրջանին, հասկանում ես, որ պատահական չէ: Ինչո՞ւ Մոսկվայից Փարիզ գալիս չձերբակալեցիր, Երեւանից գնալիս ձերբակալեցիք: Այս մեկ շաբաթվա մեջ բա՞ն փոխվեց: Ոչ, սա նախապես պլանավորված էր: Եվ քաղաքական առումով էր ձեռնտու Լեւոնի ձերբակալությունը, եւ տնտեսական:
Պարոն Փոլադյան, ի՞նչ նպատակով էր Լեւոն Հայրապետյանը Հայաստան ժամանել:
Մենք միասին պիտի գայինք, բայց ես առողջական խնդիրների պատճառով չկարողացա գալ, դրա համար միայնակ եկավ, իսկ եկել էր, որովհետեւ խոստացել էին Ղարաբաղում կառուցվող ռազմական ակադեմիայի շենքը շահագործման հանձնել այս տարվա ընթացքում, սակայն ձգձգում էին: Ինձ ասաց՝ գնամ, տեսնեմ՝ ինչու են ձգձգում, շատ էր շտապում, որ ակադեմիան սկսեր գործել: Հայաստան եկել էր մի քանի օրով, 4 օր մնաց Ղարաբաղում, իսկ հետո էլ հետ եկավ:
Մանրամասներն՝ այստեղ