ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Լևոն Հայրապետյանի ձերբակալման մանրամասները
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունն այս պահի դրությամբ չունի որեւէ տեղեկատվություն գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ այս պահին ճշտում են լուրի իսկությունը:
«Այս պահին փորձում ենք ճշտել լուրի իսկությունն ու մանրամասներ ստանալ միջադեպի առնչությամբ»,- ասաց Ջամբազյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2014թ. հուլիսի 15–ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանին, ով Մոսկվա էր ժամանել Մոնակոյից:
Գործարարին ձերբակալել են «кингисеппский» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։
Նախաքննական մարմինը կարծում է, որ հանցավոր խմբի կողմից իրականացվել են ավելի քան 20 ծանր եւ հատկապես ծանր հանցագործություներ, այդ թվում նաեւ տասնյակ սպանություններ:
Նշենք նաեւ, որ այս գործի շրջանակներում վերջերս Թաիլանդում ձերբակալվել էր Շյոլկովյան հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Մատուսովը` հանցավոր աշխարհում հայտնի Բասմաչ մականունով, ում մոտ հայտնաբերվել էր հայկական անձնագիր: