Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը
razm.info-փոխանցմամբ՝ 49148սոցցանցային ադրբեջանական խմբերից մեկում հայտնվել է հուլիսի 14-ին Քարվաճառում ձերբակալված Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար՝ զինվորական համազգեստով և Դրագունովի դիպուկահար հրացանով։
Ադրբեջանական անունով օգտատերը, ով հրապարակել էր լուսանկարը, որևէ մանրամասն չի հայտնել, թե երբ և ինչ պայմաններում է արվել լուսանկարը կամ ինչպես է այն հայտնվել իր մոտ, միայն ուղեկցել է այն «Սեփական հողում գերի ընկնել» («Oz torpaginda esir dushmek») մեկնաբանությամբ։
Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե հերքեց, թե Արցախի տարածք ներթափանցած զինված ադրբեջանցիները որևէ կապ ունեն բանակի հետ։ Եթե այս լուսանկարում իսկապես Դիլհամ Ասքերովն է, ապա պարզ է դառնում, որ գերեվարված ադրբեջանցին պատահական «էքստրեմալ տուրիստ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը։
Նշնեք նաև, որ միաժամանակ ադրբեջանական կողմը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով միջնորդել՝ ձերբակալվածներին շնորհել գերու կարգավիճակ, մինչդեռ Ասքերով Դիլհամի և նրա հանցակից Շահբազ Գուլիևի նկատմամբ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել։
Հիշեցնենք. հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։
Հուլիսի 14-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խումբը վերջնականապես վնասազերծված է։
Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը: Նույն միջադեպի ժամանակ վիրավորվելց նաև 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանն, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Խմբի գործունեության հետ են կապում նաև քարվաճառցի 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան դեպքը, ում դին հուլիսի 15-ին հայտնաբերել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում՝ դանակահարված վիճակում։