ԼՂ նախագահի խոսնակ․ Հիմքեր կան պնդելու, որ դիվերսանտներն են սպանել Սմբատ Ցականյանին. «Ազատություն»

Թեև Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատում, որ 17-ամյա Սմբատ Ցականյանը սպանվել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից, սակայն Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լուրջ հիմքեր կան պնդելու, որ հենց ադրբեջանցիներն են սպանել նրան:

«Կան լուրջ հիմքեր պնդելու, որ հենց դրանք են սպանել այդ երիտասարդին: Եվ ի՞նչ մենք պիտի ակնկալենք նման գազաններից», – ասում է ԼՂ նախագահի խոսնակը:

Տեղեկություններ կան, որ հայ երիտասարդին սպանել են առանձնակի դաժանությամբ: «Ազատության» հարցին, թե այդ կապակցությամբ ի՞նչ կարող է ասել, ԼՂ նախագահի խոսնակը պատասխանեց․ – «Դա հետաքննությունը վերջնականապես կպարզի, բայց դրանցից ամեն ինչ սպասելի է»:

Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը, հայկական ուժերի կողմից «խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են»: Այսօր էլ Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում հայտնաբերվել է Սմբատ Ցականյանի դին՝ հրազենային վնասվածքներով:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ պետք է մեծացնել Քարվաճառի նկատմամբ հսկողությունը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Քարվաճառից են սկիզբ առնում Սևանը սնուցող գետերը: Ղարաբաղի նախագահի խոսնակը մտավախություն է հայտնում, որ եթե հակառակորդին հաջողվի վերահսկողություն սահմանել Քարվաճառի նկատմամբ, ապա նրանք կարող են պարզապես թունավորել Հայաստանի ջրային բոլոր ռեսուրսները:

«Սա ևս մեկ առիթ է արժևորելու Քարվաճառի կարևորությունը ամբողջ հայության համար: Այստեղ սկիզբ են առնում մեր բոլոր գետերը՝ Արփա-Որոտանը, որոնք փրկում են Սևանը: Հիմա, եթե հակառակորդը դիվերսիա է անում, ներթափանցելով երկու-երեք հոգով, մեր տարածք, ի՞նչ կլինի, եթե նա վերահսկի այդ տարածքը: Սա բոլորիս համար պետք է պարզ լինի, որ ահաբեկչությունը լայնածավալ կլինի՝ ցեղասպանություն են անելու՝ թունավորելով մեր գետերը, բոլոր ռեսուրսները», – ասում է նա:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս