Բաժիններ՝

Ըստ տեղեկությունների՝ Ս. Ցականյանին դաժանաբար սպանել են դիվերսանտներից մեկի հոր գերեզմանի վրա. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Քարվաճառի շրջանում դիվերսիոն խմբի ներթափանցումից ու համապատասխան քայլերի ձեռնարկումից հետո խմբի վնասազերծումը, ճիշտ է, բարեհաջող ավարտ ունեցավ, սակայն հայկական կողմը եւս կորուստներ կրեց: Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշում է, թե տվյալ տեղանքում բացարձակ անթափանցելիություն ապահովել ուղղակի հնարավոր չէ, բայց հարկավոր է բնակչության պաշտպանվածության առումով քայլեր ձեռնարկել.

«Այսինքն մեղադրել մեր զինվորականությանը, որ բաց են թողել այդ խումբն, այնքան էլ արդար չէ: Տեղանքին ծանոթ նախկինում Քարվաճառի թուրք բնակիչների ներթափանցումը կանխելը 100 տոկոսով հնարավոր չէ, ժամանակ առ ժամանակ այդպիսի ներթափանցումներ լինում են անգամ դաշտերում, ուր մնաց այդպիսի տեղանքում»,- գտնում է քաղաքագետը: Սակայն ըստ նրա՝ այս հարցում նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր կա:Քարվաճառը թերի բնակեցված է, ինչից էլ շատ դեպքերում առիթավորվում է հակառակորդ կողմը.

«Քարվաճառը շուրջ 2 հազար քառակուսի կմ ունեցող շրջան է, որտեղ ապրում է լավագույն դեպքում 2,5 հազար հայ, ու այդպիսի թերի բնակեցման պայմաններում անգամ տարածքի խորքը ներթափանցած դիվերսանտին հայտնաբերելը բավականին բարդ է: Հրադադարին հաջորդած տարիներին որոշ զինվորականների ցուցաբերած անպատասխանատվության պատճառով որոշակի դիրքային կորուստներ ունեցանք:

Եթե մի օր մեր պետությունը, իսկ իշխանափոխությունից հետո թերեւս դա անխուսափելի կլինի, պետք է իրականացնեն համապատասխան հետաքննություններ, որովհետեւ նման խայտառակ դեպքերի մենք ականատես ենք եղել ոչ միայն Քարվաճառի տարածքում, այլեւ օրինակ Տավուշի մարզում:

Հետեւաբար որոշ բարձրաստիճան զինվորականներ մի օր պետք է պատասխանատվություն կրեն հանցավոր անտարբերության կամ կոռումպացվածության պատճառով նման դիրքային կորուստներ ունենալու համար»,- գտնում է քաղաքագետը:

Սակայն այժմ, ըստ նրա, պետք է առավել պատրաստ լինել: Պատճառն այն է, որ հայկական կողմը հայտնաբերել ու վնասազերծել է ադրբեջանական դիվերսիոն այնպիսի խմբի, որը Քարվաճառի տարածք ներթափանցելու առիթներ նախկինում էլ է ունեցել, խումբը փորձառու է համարվում, հետեւաբար հակառակորդի համար հիմա առավել բարդ կլինի նոր դիվերսիոն խմբեր գործուղել հայկական տարածքներ: Սպասվում է, որ հակառակորդը պատասխան քայլեր կձեռնարկի ու չի բավարարվի միայն 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանությամբ»,- գտնում է քաղաքագետը:

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ դիվերսանտները 17-ամյա երիտասարդին սպանել են ձերբակալված դիվերսանտներից մեկի հոր գերեզմանի վրա: Սակայն տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ.

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս