«Մենք բոլորս պարտք ունենք ձեր հանդեպ». Արմեն Մուրադյանը՝ զոհված զինծառայողների մայրերին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց զոհված զինծառայողների մայրեր Հասմիկ Մելիքյանին և Սոնա Փաշինյանին։ Նախարարը հետաքրքրվեց, թե նման ընտանիքները բժշկական ծառայություններից օգտվելու հետ կապված ինչ խնդիրներ, դժվարություններ և առաջարկներ ունեն։
Անկաշկանդ զրույցի ընթացքում մայրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ուշադիր ու հոգատար բուժաշխատողներից, բայց և հարկ համարեցին նշել, որ երբեմն առերեսվում են անհարգալից և ոչ բարյացակամ վերաբերմունքի հետ։
«Դժվար է նայել զինվոր զավակ կորցրած մայրերի աչքերի մեջ։ Մենք բոլորս պարտք ունենք ձեր հանդեպ։ Դուք չպետք է խնդրողի դերում լինեք։ Նախարարությունը հատուկ ծրագիր կմշակի, համաձայն որի զինվոր զավակ կորցրած ծնողներին իրենց պոլիկլինիկաներից ամեն տարի կհրավիրեն պարտադիր որոշակի հետազոտություններ անցնելու։ Իսկ բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպվեն նաև բժշկական ավելի մեծ ծավալի ծառայություններ»,-ասաց նախարարը։
Զոհված զինծառայողների ծնողների ամենամյա բուժզննումները կազմակերպելու նպատակով նա նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարականներ տվեց։
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մայրերի կողմից հնչած դժգոհությանը` խնդրելով անհարգալից վերաբերմունքի կոնկրետ փաստերի մասին տեղեկացել։ Նա խոստացավ, որ նման յուրաքանչյուր դեպքի նկատմամբ խիստ ու կտրուկ վերաբերմունք կլինի։
ՀՀ Առողջապահության նախարարություն