Բաժիններ՝

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է զենք բաժանել. Քարվաճառում բնակվող քաղաքագետ

Սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, հատկապես, այդտեղ բնակվող պայմանագրային զինծառայողներին պետք է տրվի թեթեւ մարտական զենքը`ինքնաձիգը տանը պահելու եւ անհրաժեշտության դեպքում կրելու անսահմանափակ իրավունք: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, Քարվաճառում բնակություն հաստատած Ալեքսանդր Քանանյանը:

«Երեւի թե արդեն ժամանակն է մի շարք դատողություններ արտահայտել քարվաճառյան վերջին դեպքերի կապակցությամբ:

Ա. Մռավի լեռնաշղթայի գագաթներով անցնող հրադադարի գիծը, տեղանքի ծայրահեղ կտրտվածությունը եւ դիրքերի միջեւ առկա տարածական ընդարձակ խոռոչները մեծապես դյուրացնում են դիվերսանտ հետախույզների ներթափանցումները, իսկ շրջանի թերբնակեցվածությունն էապես բարդացնում է նրանց հետագա հայտնաբերումն ու վնասազերծումը: Այսպիսի տեղանքում աշխարհի լավագույն բանակն անգամ ի վիճակի չէ երաշխավորել բացարձակ անթափանցելիություն:

Միաժամանակ, վաղուց ի վեր հարկ էր բազմապատկել սահմանապահ դիրքերի քանակը եւ աչալրջորեն զբաղվել դրանց հզորացմամբ եւ համալրել դրանք ահազանգման ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով: Մինչ օրս այդ ուղղությամբ արված քայլերն ունեին մասնակի եւ անբավարար բնույթ:

Արժե նաեւ հետաքննություն իրականացնել, բացահայտել եւ քրեորեն պատժել զինվորական այն պատասխանատուներին, ում հանցավոր անպատասխանատվությամբ հրադադարին հաջորդած տարիներին Քարվաճառի սահմանամերձ մի շարք կարեւոր բարձունքներ կրկին հայտնվել են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո՝ հանգեցնելով տարածքային կորուստների եւ շեշտակիորեն ավելացնելով հայկական բանակի դիրքային խոցելիությունը, մասնավորապես, Լեւ գետի ակունքի շրջանում:

Բ. Սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, հատկապես, այդտեղ բնակվող պայմանագրային զինծառայողներին պետք է տրվի թեթեւ մարտական զենքը`ինքնաձիգը տանը պահելու եւ անհրաժեշտության դեպքում կրելու անսահմանափակ իրավունք:

Գ. Պատերազմի վերսկսման դեպքում կառուցվող Սոթք-Վարդենիս մայրուղու անմիջական ու ամբողջական խոցելիությունը գեթ այս միջադեպից հետո պետք է հուշի, որ ռազմական անվտանգության, երկրաբանական կառուցվածքի եւ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից բազմիցս գերադասելի է գլխավոր ասֆալտապատ մայրուղին անցկացնել Վարդենիս-Նորաբակ-Քարվաճառ-Դադիվանք գծով`Սոթքի ճանապարհին վերապահելով օժանդակ եւ ռազմական հաղորդակցային ուղու գործառույթ:

Դ. Վնասազերծված դիվերսանտներին կենդանի ցուցադրելը շատ մեծ սխալ էր: Այժմ Ադրբեջանը հետեւողականորեն ձգտելու է փոխանակման նկատառումներով մի քանի երիտասարդ հայ զինծառայող կամ Տավուշի խաղաղ բնակիչ առեւանգել:

Դիվերսանտներին հարկ էր բռնել, անհրաժեշտ տեղեկատվությունը կորզել, սպանել եւ այնուհետեւ հայտարարել, թե նրանք զոհվել են վնասազերծման գործողության ժամանակ: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի արդի ապապետական թշվառ իշխանիկները 17 տարեկան հայ երիտասարդին մասնատած եւ այլ սպանություններ կատարած վիժվածքներին հետ չեն վերադարձնի:

Ե. Դիվերսիոն ներթափանցումների եւ հայ սպանելու դիմաց, անկախ պատերազմի վերսկսման հանդեպ հիշյալ իշխանիկների տածած հասկանալի վախից, հարկ է իրականացնել խստագույն պատժիչ գործողություններ, որոնք պետք է ենթադրեն ոչ միայն հակառակորդի /այդ թվում եւ խաղաղ բնակչությանը/ հասցվելիք անհամաչափ մարդկային կորուստներ, այլեւ անգամ` ողջ բնակավայրերի հրթիռահրետանային ոչնչացում: Թող ոչ ոք չհանդգնի ասել, թե դրանով պատերազմ ենք հրահրելու: Այն ծայրահեղ, անբարո եւ հանցագործ թողտվությունն ու կրավորականությունը, որն այսօր դրսեւորում է ՀՀ թուրքարձանագրամաքսային չիշխանությունը, Հայությանն անմիջապես սպառնում է պատերազմի, պարտության, տասնյակ հազարավոր զոհերի եւ պետականության կորստի մղձավանջով»,- գրել է քաղաքագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս