Վարուժան Ավետիսյան. «Ադրբեջանը չի կարող պատերազմ սանձազերծել»

«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի դժգոհությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ ձևական է, և իրադրությունն այսօր այնպիսին է, որ նախագահը պարզապես ստիպված էր ինչ-որ մի բան ասել:

«Վիճակն այնքան ակնհայտ է, այնքան բացահայտ է, որ ռազմավարական դաշնակիցը չի կարող նման քայլ անել, դա չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ, ուստի Սերժ Սարգսյանն ինչ-որ մի բան պետք է ասեր, և հետաքրքիր տարբերակ է գտել, կարծեմ ասել է` «դա մեզ համար ցավոտ թեմա է»:

Հայաստանն արդեն վաղուց կորցրել է իր սուբյեկտայնությունը, և Հայաստանի պաշտոնը զբաղեցնող անձը և առհասարակ ողջ ռեժիմն ընդամենը դրածո են` արտաքին կառավարման ներքո: Եվ մենք ինքնուրույն քայլեր չենք կարող անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:

Հիշեցնենք, որ Արգենտինա կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել արգենտինական թերթերից մեկին` ասելով, որ «մեր ժողովրդին շատ է մտահոգում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին»:

Այս համատեքստում պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հարկ համարեց հիշեցնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պայմանագրի 4-րդ հոդվածով պարտավորվել են չանել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել կազմակերպության մյուս անդամներին, սակայն Ռուսաստանը՝ զենք վաճառելով ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին, փաստացի խախտում է իր պայմանագրային պարտավորությունները:

Մեր զրուցակցի խոսքով` Ս. Սարգսյանի հայտարարությունը, անշուշտ, կապված է տարածաշրջանային իրադարձությունների, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանին ավելացող լարվածության հետ.

«Տարածաշրջանում զարգացումներ են տեղի ունենում` նաև կապված աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դիրքորոշումների և որոշակի վերադասավորումների հետ: Եվ, բնականաբար, ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է, ուստի չէր կարող չասել, ինչ-որ մի բան պիտի ասեր:Նա ստիպված է ասում»:

Անդրադառնալով ադրբեջանական ուժերի վերջին դիվերսիոն հարձակումներին` Վարուժան Ավետիսյանն ասաց.

«Առայժմ որակական լուրջ փոփոխություն չեմ տեսնում, պարզապես կա որոշակի ակտիվացում, որը կրկին կապված է ասածս փոփոխությունների հետ: Ադրբեջանն էլ իր հերթին՝ փորձում է իր հնարավորությունների չափով իր համար նպաստավոր իրավիճակ ձևավորել:

Բնականաբար, նա չի կարող պատերազմ սանձազերծել, այդ որոշումը նա չի կայացնում: Բայց ամեն դեպքում նա փորձում է ակտիվ վիճակ ապահովել, որպեսզի հնարավորության դեպքում ինքն էլ օգտվի և Հայաստանից մի բան պոկի»:

 

Տեսանյութեր

Լրահոս