Ադրբեջանը ցանկանում է կապ հաստատել իր դիվերսանտի հետ. «Փաստինֆո»
Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ այդ երկրի քաղաքացի Գուլիև Շահբազ Ջալալօղլուի հետ կապ հաստատելու խնդրանքով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԿԽՄԿ երևանյան պատվիրակության գրասենյակից:
«ԿԽՄԿ միջազգային կոմիտեն պաշտոնապես հանդես է եկել նամակներով` խնդրելով պարզաբանել և ճշտել Ադդրբեջանի քաղաքացու հետ կապված տեղեկությունները»,- կայքի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցական ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք` Ադրբեջանի քաղաքացի Գուլիև Շահբազ Ջալալօղլուն ձերբակալվել էր ԼՂՀ Քարվաճառի շրջանում կատարված դիվերսիոն գործողությունների փորձի ժամանակ:
Որպես ապացույց, որ Ջալալօղլուն հատկապես ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ է, հուլիսի 10-ին ԼՂՀ Պաշտպանության բանակը հրապարակեց նրա լուսանկարը, անձնական տվյալները, ինչպես նաև` դիվերսանտներից առգրաված զենք-զինամթերքի լուսանկարներն ու Ադրբեջանի դրոշը:
Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ձերբակալվածն Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում։ Ավելի ուշ ԼՂՀ Պաշտպանության բանակը հայտարարեց ևս մեկ դիվերսանտի հայտնաբերման ու ոչնչացման մասին:
Մանրամասներն՝ այստեղ