Աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել (տեսանյութ)
Արդեն մեկ ամիս աշխարհը բռնած ֆուտբոլային տենդը չշրջանցեց նաև Հայաստանը: Բնակա՛ն է: Եթե մենք ֆուտբոլային տերություն էլ չենք, համենայնդեպս այդ հրաշալի խաղը սիրելու և վայելելու գեղեցիկ ավանդույթներ ունենք, որոնք տարեցտարի հարստանում են նաև եվրոպական ու համաշխարհային ավանդույթներով:
Հայկական ֆուտբոլասիրությունը բնակարաններից տեղափոխվում է սրճարաններ, գարեջրատներ, հատուկ բացօթյա վայրեր, որտեղ մեծ էկրանների առաջ հավաքված հարյուրավոր մարդիկ միահամուռ ցավում են իրենց սիրած թիմերի համար:
Ֆուտբոլային մենամարտերի դիտումը մեզանում էլ դարձել է զանգվածային միջոցառում՝ իր բոլոր դրական ու բացասական դրսևորումներով:
Դրականին չանդրադառնանք, իսկ բացասականն, օրինակ, խաղին զուգահեռ ոգելից խմիչքի օգտագործումն է, ախոյան թիմերի երկրպագուների հանդիպումը նույն տարածքում, ոգևորության կամ հիասթափության անթույլատրելի արձագանքները և այլն, և այլն:
Ու պատահական չէ, որ Բրազիլիայից հազարավոր կիլոմետրերով հեռու Հայաստանում էլ ոստիկանները, բրազիլացի գործընկերներից ոչ պակաս աչալրջությամբ, հսկում են ֆուտբոլի հանրային դիտման տարածքները, հետևում, որ չխախտվի հասարակական կարգը, ֆուտբոլասերների կիրքը մնա համակեցության շրջանակներում:
Եվ ամենակարևորը՝ հետևում ու հսկում են աննկատելիորեն, անհարկի միջամտությամբ չփչացնելով մարզական տոնը, մնալով ոչ պակաս ֆուտբոլասեր, բայց և հստակ ապահովելով ֆուտբոլասերների անվտանգությունը:
Արդյունքն ակնհայտ է. անցած մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ստորաբաժանումների իրականացրած կանխարգելիչ գործողությունների շնորհիվ, ֆուտբոլի աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում չի արձանագրվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք, ոչ մի բախում ֆոտբոլասերների միջև:
Նույն կերպ՝ որևէ միջադեպ չի արձանագրվել նաև բուքմեյքերական գրասենյակներում, որոնց տարածքը նաև տեսահսկվում է, իսկ գումարների տեղափոխումն ուղեկցվում է ոստիկանական կարգախմբերով: Սա նույնպես չափազանց կարևոր է, քանզի այստեղ զուտ ֆուտբոլային կրքերին գումարվում է նաև մեծ փողերի գայթակղությունը…
ՀՀ Ոստիկանություն