Քաղաքական վերլուծաբան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունները շատ իրարամերժ են և շատ դեպքերում ադեկվատ չեն»

«Ես Սերժ Սարգսյանին այլևս ադեկվատ գործիչ չեմ համարում, և փորձը ցույց է տալիս, որ իր հայտարարությունները շատ իրարամերժ են և շատ դեպքերում ադեկվատ չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը` իր կարծիքը հայտնելով Հայաստանի նախագահի վերջին հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հարցազրույց է տվել արգենտինական Clarin թերթին` ասելով, որ հայ ժողովուրդը շատ մտահոգված է այն կապակցությամբ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Վերլուծաբանը նշեց, որ այդ հայտարարություններն իր համար որևէ նշանակություն չունեն, իր համար ավելի կարևոր են տարբեր երկրների դիվանագետների, միջազգային կառույցների և լուրջ վերլուծաբանների հայտարարությունները:

«Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը անհասկանալի մարդիկ են, պարզ չէ` նրանք ինչպես են մտածում: Եվ նրանց հայտարարություններն ինձ համար որևէ նշանակություն չունեն: Եթե խոսքը վերաբերում է երկրի քաղաքականությանը, ապա քաղաքականությունը պահի տակ չի որոշվում, և քաղաքականությունն ինչ-որ մարդ չի որոշում: Պետք է լինեն ինստիտուցիոնալ հայտարարություններ: Հայաստանում որևէ ոլորտում` քաղաքականության կամ այլ բնագավառներում, ինստիտուցիոնալ, հստակ քաղաքականություն չի իրականացվում: Ուստի թե Սերժ Սարգսյանը ինչ հայտարարություն կանի պահի տակ, արդեն որևէ նշանակություն չունի: Այդ մարդուն ուղղակի պետք չէ ուշադրություն դարձնել: Հայաստանը, որպես պետություն, մեր տարածաշրջանում, առավել ևս միջազգային քաղաքականության մեջ այլևս գործոն չէ»,- հայտարարեց Ստեփան Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս