Բաժիններ՝

«Ամուսինս, առանց որևէ հիմքի, 8 ամիս շարունակ կալանավայրում է»

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը մեղադրվում են քաղաքացի Բաբկեն Բուդաղյանից համաներման ցուցակում ընդգրկելու համար 400.000 դրամ կաշառք վերցնելու մեջ:

Սակայն 8 ամիս կալանքի տակ գտնվող Սահակ Հարությունյանի հարազատները և նրա փաստաբանը` Ինեսա Պետրոսյանը, համոզված են, որ նա առհասարակ կապ չունի կաշառքի հետ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միայն տուժողի անընդհատ փոխվող ցուցմունքների հիման վրա:

Հարությունյանի կինը` Էլզա Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գործը սարքված է, և Սահակ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառակերության դեմ պայքարի ցուցանիշներ ապահովելու նպատակով:

Նրա խոսքով` տուժողի իրարամերժ ցուցմունքը չի կարող հիմք հանդիսանալ իր ամուսնուն կալանքի տակ պահելու համար:

Կասկածյալի կինը տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին կայացած դատական նիստում հրապարակվել է տուժող Բուդաղյանի դիմումը, որ նախկինում իր տված բոլոր ցուցմունքները կեղծ են եղել, իրեն վախեցրել են, և Ս. Հարությունյանն իրենից կաշառք չի պահանջել և կաշառք չի վերցրել:

Ինչ վերաբերում է մյուս կասկածյալին` Ա. Խաչատրյանին, մեր զրուցակցի մեկնաբանությամբ` նա իր ցուցմունքում նշել է, որ փորձել է պարզապես խաբել տուժողին և գումար աշխատել` օգտվելով առիթից, որ իր ղեկավարը` Ս. Հարությունյանը, աշխատավայրում չէ:

«Տուժողը, ով ցուցմունք է տվել, որի հիման վրա իմ ամուսնուն և իր աշխատակցին կալանավորել են, պնդում է հետևյալը, որ Ս. Հարությունյանին որևէ գումար չի տվել, նրա հետ գումարային որևէ խոսակցություն չի եղել, Ս. Հարությունյանն իրենից գումար չի պահանջել և չի էլ ստացել:

Տուժող Բուդաղյանն ասում է, որ Ս. Հարությույանն իրենից ընդամենը պահանջել է տեղեկանք բնակության վայրից ու լուսանկարներ: Եվ այդ ամենը նա պնդել է դատարանում բոլորի ներկայությամբ և հինգ տարբեր դատական նիստերի ժամանակ:

Կարծեք թե, թվում էր, որ դատախազը պետք է մեղադրանքից հրաժարվի, որովհետև կան նոր ի հայտ եկած փաստեր, այս դեպքում` տուժողի ցուցմունքը, ով, ի դեպ, բացատրում է, թե ինչու է ինքն ի սկզբանե տվել այդ ցուցմունքը, որովհետև 6-րդ վարչության աշխատակցի և քննիչի պահանջով նախաքննության ընթացքում անընդհատ ուղղորդված ցուցմունք է տվել Սահակ Հարությունյանի դեմ:

Դատարանը չի կարող հիմք չընդունել նրա ցուցմունքը, բայց հարցն այն է, թե որքանով դա հաշվի կառնվի, որովհետև նա բազմիցս տվել է այդ նույն ցուցմունքը, պարզապես այս անգամ նա նշել է անուններ, թե ինչպես են իրեն ճնշել»:

Ս. Հարությունյանի հարազատները, դժգոհ լինելով դատախազ Պավել Գյուլումյանից և համարելով, որ նա կողմնակալ է, դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` հույս ունենալով, որ նա իր վերահսկողության տակ կվերցնի գործը և կվերացնի Ս. Հարությունյանի մասով մեղադրանքը: Մի քանի օր առաջ նրանք հերթական անգամ բողոքել են գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Իսկ Ս. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը բողոք-դիմումով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Իր նամակում Ի. Պետրոսյանը նշում է, որ Ս. Հարությունյանի և Ա. Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել 900.000 դրամ տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանի հաղորդումը այն մասին, որ Խաչատրյանը համաներում համաներում կիրառելու համար իրենից գումար է պահանջել, և նույն օրը` 12013 թ. հոկտեմբերի 10-ին, իր աշխատասենյակում Բ. Բուդաղյանից 400.000 դրամ գումարը վերցնելու պահին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Պաշտպանը շեշտում է, որ Ս. Հարությունյանի մասին վերը նշված հաղորդման մեջ հիշատակում չկա, քանի որ Ս. Հարությունյանը մինչ այդ` 3 օր առաջ մեկնած է եղել Շիրակի մարզի Լանջիկ գյուղ հորեղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու համար և որևէ տեղեկություն չի ունեցել այդ գումարի վերաբերյալ:

Է. Սահակյանի տպավորությամբ` Գևորգ Կոստանյանը գործի մանրամասներից տեղյակ չէ, քանի որ գործին ներգրավված իրավապահները կոծկում են իրականությունը, և ինֆորմացիան նրան չի հասնում:

«Մեր բողոքի նպատակը դա է, որ իրեն ներկայացնենք խնդիրը: Գլխավոր դատախազը հունիսի 25-ին կայացած իր ասուլիսում հայտարարեց, որ ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվելու, որևէ չհիմնավորված, ապօրինի մեղադրանք չի ներկայացվելու:

Սակայն մենք ունենք այս պատկերը, և այս պահին ամուսինս, առանց որևէ հիմքի, 8 ամիս շարունակ կալանավայրում է, որի հետևանքով տուժում է մեր ընտանիքը: Մեր ընտանիքն ունի գոյությունը պահպանելու հարց. Սահակն ունի հաշմանդամ մայր, մանկահասակ երեխա: Եթե սա է վերաբերմունքը նորմալ քաղաքացու նկատմամբ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այս երկիրն օրինական համարվել»,- ասաց Էլզա Սահակյանը:

Այդուհանդերձ, գլխավոր դատախազն առայժմ չի ընդունել Ս. Հարությունյանի հարազատներին: Այժմ նրանք, որպես հաջորդ քայլ, պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց:

Լուսանկարում` Սահակ Հարությունյանի հարազատների բողոքի ակցիան գլխավոր դատախազության մոտ, լուսանկարը` Epress.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս