Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է:

Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:

11430_am_8

Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները

ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ և չորրոդ ցուցակները:

11430_am_7

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:

ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ,

nist

-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:

ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:

Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել և նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:

ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը:

Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար:

Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:

Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

ՀՀկառավարությանպաշտոնականլրահոս

Տեսանյութեր

Լրահոս