«Պետք է Ձեզ խնդրեմ, աղաչեմ, որ զինվեք համբերությամբ, չկա կախարդական փայտիկ, որ խփենք, ու ամեն ինչ լավանա երկրում». Հ. Աբրահամյան
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այսօր Շիրակի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում՝ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ծավալուն ելույթով հանդես եկավ՝ անդրադառնալով հիմնականում հայաստանյան քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներին, արտագաղթին, էլեկտրաէներգիայի թանկացմանը, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Ներկայացնում ենք այն ստորև.
«Կարևորն այն է, որ ժողովրդի և իշխանության միջև եղած անջրպետը վերանա, բազմաթիվ է եղել, որ չինովնիկները գնացել են, խոստումներ են տվել, հետո չեն իրականացրել, ու կարծես թե հավատի պակաս կա, վստահության պակաս կա, և մենք դա հաղթահարելու ենք: Այսօր մենք իրոք ունենք ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերներ: Ես, բոլորդ գիտեք, որտեղ էի աշխատում, հիմա որտեղ եմ, և դա գիտակցված ընտրություն է եղել: ԱԺ նախագահը երկրի երկրորդ մարդն է, վարչապետը՝ երրորդ: Փաստորեն ինձ մոտ պաշտոնի իջեցում է եղել, և դա եղել է գիտակցված, քննարկել ենք կուսակցությունում, և ես պարտավոր էի դա իրականացնել՝ հասկանալով հանդերձ այն դժվարությունները, որոնք առկա են մեր երկրում: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր հայրենիքը սիրում է, բայց նաև պատկերացնում եմ, որ մարդը չունի աշխատանք, ունի սոցիալական խնդիրներ, չի կարողանում իր ընտանիքը պահել ու գնում է աշխատանք փնտրելու դրսում: Դա վատ բան է, ու մեր սուրբ գործն է, որ փորձենք մեր իշխանություններով աշխատանքով ապահովել մեր քաղաքացիներին: Բայց դա կապված է ուղղակի և անուղղակի բազմաթիվ պրոբլեմների հետ, այսօրվա տարածաշրջանային խնդիրները՝ Ռուսաստան-Ուկրաինա, Արևմուտք-Ռուսաստան, դրանք բոլորն ուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա:
Եթե երկրի տնտեսությունը չզարգանա, ներդրումները մնան այս վիճակին, այսինքն հիմա կարելի է ասել, որ օտար ներդրումներ ընդհանրապես չունենք այս վերջին երեք տարիներին, և փորձում ենք ներդրումներ ներգրավել երկիր, դա է փրկությունը մեր երկրի, նաև այդ չարիքի, արտագաղթի, աղքատության: Ինչքան ուզում է սոցիալական վճար բարձրացնենք, նպաստ տանք, դա լուծում չի, լուծումը՝ դա գլոբալ պետք է լինի. մարդուն ապահովենք աշխատանքով՝ աշխատի: Այդ մեծ խնդիրը կա հենց Գյումրիում, Շիրակի մարզում, շատ մեծ է այդ խնդիրը, և ես հասկանալով հանդերձ, որ դա ժամանակի, ֆինանսական մեծ ռեսուրսների պահանջ է իրենից ներկայացնում, ունենք այդ համարձակությունը, գնալու ենք առաջ, որ ծրագիր իրականացնենք: Չկա կախարդական փայտիկ, որ խփենք, ու ամեն ինչ լավանա այս երկրում, դրա համար պետք է Ձեզ հորդորեմ, խնդրեմ, աղաչեմ, որ զինվեք համբերությամբ, բայց որ կառավարությունն այդ ամեն ինչը անելու է և անում է, որ ապագայում լավ լինի, դա դուք կտեսնեք ժամանակի ընթացքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: