«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը մտադիր է դիմել ՍԴ
Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները օրերս մտադիր են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով դիմել Սահմանադրական դատարան:
Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով՝ իրենք կարծում են, որ մասնավոր ընկերությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
«Ուզում ենք տեսնենք՝ արդյոք իրավաչափ են կարմիր գծերը, որ մեր քաղաքում, հանրային տարածքում, երթևեկելի մասերում գծված են մասնավոր ընկերության կողմից»,- ասաց Եփրեմյանը:
Նախաձեռնությունը հաջորդ՝ արդեն 6-րդ ավտոերթը մտադիր է անցկացնել հուլիսի 17-ին, ինչից հետո ավտոերթեր կկազմակերպվեն մի քանի մարզերում: Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով՝ իրենք ավտոերթեր կազմակերպելու են այնքան ժամանակ մինչև կառավարությունը չբավարարի իրենց պահանջները՝ կարմիր գծերի, եռապատիկ, հնգապատիկ տուգանքների վերացում, տուգանքների հնգապատիկ նվազեցում և ընդհանուր համաներում:
«Հերթական երթը նախաձեռնության խումբը մտադիր է անցկացնել ամսի 17-ին ժամը 12:30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հարակից տարածքից: Սա նույնպես լինելու է իրազեկման երթ: Մեր կարգախոսը լինելու է «Չենք վճարում տուգանքները» և իրազեկելու ենք մեր քաղաքացիներին, վարորդներին, որպեսզի բողոքարկեն իրենց անհիմն ուղարկված տույժերն ու տուգանքները»,- ասաց Պետրոսյանը:
Արմեն Եփրեմյանն նշում է, որ իրենց պահանջները գրավոր ներկայացրել էին կառավարությանը, դրանցից մասնակիորեն բավարարվել էր միայն մեկը՝ նվազեցվել են որոշ տուգանքների չափերը: Սակայն մնացած 3 պահանջների մասով կառավարությունը նպատակահարմար չի գտնում որևէ փոփոխություն կատարել:
Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի համոզմամբ՝ ոլորտում օրենսդրական, երթևեկության կանոնների փոփոխությունների կարիք կա, իսկ մինչև այդ պետք է համաներում հայտարարվի, ինչն այսօր նախաձեռնության, ինչպես նաև մյուս վարորդների գերխնդիրն է:Նրանք պնդում են, որ պետք է բարփոխումներ իրականացնել և ամեն ինչ սկսել նոր էջից։
«Մարդիկ ունեն հարյուրհազարավոր դրամներից մինչև միլիոնների հասնող տուգանքներ, որոնք եռապատկվել և հնգապատկվել են: Այսօրվա այս ծանր սոցիալական վիճակում մարդիկ ի վիճակի չեն այդ գումարները մուծելու: Սա հերթական արտագաղթի նոր թափ է հավաքելու»,- ասաց Պետրոսյանը: