«Պահանջում եմ, որպեսզի բժշկին ազատեն աշխատանքից, որպեսզի մյուս հղիներն էլ չտուժեն». ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում մեկ ու կես ամիս առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, Գյումրու բնակչուհի 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը իր երրորդ երեխան ծննդաբերելիս մահացավ, նրա հետ միասին մահացավ նաեւ դեռեւս չծնված փոքրիկը:
Մարզի առողջապահական համակարգի պատասխանատուներն ու հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բժիշկներն արձանագրեցին, թե պատճառը Կարինեի մոտ արձանագրված սիրտ-թոքային անբավարարությունն է եղել, ու բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել է պտղաջրերի էմբոլիա:
Կարինե Պապանյանի ընտանիքի անդամների համար այս վարկածը շարունակում է մնալ անընդունելի, ավելին, նրա ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանը, այն կարծիքին է, որ նախաքննական մարմինն օբյեկտիվ գործունեություն չի իրականացնում.
«Ոչ մի նորություն չկա, քննիչին անձամբ ես մի քանի օր առաջ հարցրել եմ, թե բժիշկն ինչ կենե, կըսեն հլը հիվանդանոցում է, մենք ոչ մի բան չենք կարող ձեռնարկել, քանի դեռ պատասխանները չեն եկել: Քառասունքն արդեն անցել է, ու ոչ մի բան, տեղեկություն չկա, քննիչն ասում է՝ Երևանից պետք է պատասխանը գա, ու ես մինչև վերջ գնալու եմ, քանի որ բժիշկը մեղավոր է եղել: Ես կհարցնեմ՝ ինչի՞ ես հանել կռիսլոյի վրա, դու գնացել ես, կըսե՝ ես անընդհատ իր կողքին չպիտի լինեի»,- նշեց Կարինեի ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանը:
Նրանք անհանգստացած ու մտահոգված են, որ դեպքից 40 օր անց դեռևս հայտնի չէ մահվան պատճառը՝ այսինքն դիակի փորձաքննության արդյունքները:
«Մինչև հիմա դեռ չի եկել պատասխան, թե ինչն է եղել պատճառը, բայց իրանց թերությունն էն է եղել, որ իրանք սիստեմա են միացրել, շատ բաներ են արել, որ պետք չի եղել, ես բժշկին կհարցնեմ՝ լեզվի տակն ինչ ես դրել, կըսե՝ սրտի համար տաբլետկա, եթե վատ էր, ինչի՞ քայլեր չէիք ձեռնարկում: Ես հարցնում եմ իրան՝ դու բժիշկ ես, ժամը 5-ից տասը կինս ցավ է քաշել, ինչի՞ քայլեր չես ձեռնարկել, կեսարյան չես արել, կըսե՝ նորմալ կազատվեր: Ես կպնդեմ, մինչև վերջ կերթամ անգամ դատարաններ, որ էդ բժիշկը չաշխատի, որ ուրիշ օջախներ չմարին»,- գտնում է Սամվել Հովհաննիսյանը:
Նա շարունակում է մնալ այն համոզմանը, որ կնոջ ու դեռևս չծնված փոքրիկի մահվան պատճառը բժշկի անտարբերության ու անզգուշության հետևանք է եղել, ուստի պահանջում է, որպեսզի բժիշկ-գինեկոլոգն աշխատանքից ազատվի ու զրկվի մասնագիտական որակներից:
Մանրամասներն՝ այստեղ