Ռուս փորձագետ. Ղարաբաղի հարցով Մոսկվան չի կարող գործարք կնքել ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ. «Ազատություն»

Ռուսաստանցի մեկնաբան Վադիմ Դուբնովը որևէ արտառոց բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ այսօր ընթացող զարգացումներում չի տեսնում։

Մեկնաբանի խոսքով՝ նույնիսկ այսօր հաճախակի քննարկվող խաղաղարարների թեման նորմալ է, տեղավորվում է հակամարտությունների կարգավորման տրամաբանության մեջ։

«Ցանկացած կարգավորման շուրջ գործընթացներում խաղաղարարների թեման միշտ իր ուրույն տեղն է ունեցել, և այս մասին պարբերաբար խոսում են, իսկ որ այսօր թեման հայտնվել է ուշադրության կենտրոնում և ավելի հաճախ են սկսել քննարկել այն թե՛ Մոսկվայում, թե՛ հատկապես Երևանում՝ որևէ սենսացիա չկա, նորմալ գործընթաց է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փորձագետը։

Ըստ Դուբնովի՝ իրականում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներն իրենց ուղղակի ազդեցությունն ունեն ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների և հատկապես հայտարարությունների վրա՝ այն պարզ պատճառով, որ հիմնական խաղացողները նույն են։

Սակայն հայտարարությունների ձևաչափով այդ ակտիվացումը կամ լարվածությունը հայ – ադրբեջանական սահմանին, ռուսաստանցի մեկնաբանի կարծիքով, ամենևին էլ չի նշանակում, որ վաղը կսկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ և այնտեղ կտեղակայվեն խաղարարար ուժեր: Ըստ փորձագետի, խոսք չկա նաև խնդրի շուտափույթ կարգավորման մասին։

«Ես չեմ կարող պատկերացնել, որ Մոսկվան պայմանավորվի Բաքվի հետ՝ «միացեք Եվրասիական միությանը, և մենք ձեզ կվերադարձնենք մի քանի շրջաններ» տրամաբանությամբ։ Մոսկվան չի կարող նման գործարք կնքել Բաքվի հետ այն պարզ պատճառով, որ չունի հնարավորություն այդ շրջանները վերադարձնելու, ավելին՝ ես չեմ հավատում նաև, որ Մոսկվան ու Երևանը կարող են նման հարցի շուրջ պայմանավորվել։ Հնարավոր չէ պատկերացնել, որ Պուտինը համոզի Սարգսյանին գնալ նման քայլի, պարզապես բացառվում է», – ընդգծեց փորձագետը։

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս