Սամվել Բալասանյանը կադրային նոր կրճատումներ է սկսել. ԳԱԼԱ
Գյումրու քաղաքապետարանում կադրային նոր կրճատումներ են սկսվել: Աշխատանքից հեռացվել են կադրերի բաժնի եւ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ, որոնք 10 տարուց ավելի աշխատել են Գյումրու քաղաքապետարանում:
«Հոգեբանական ճնշումների ենթարկելով, մեծարգո մեր ներկայիս քաղաքապետը, վարելով վայրի քաղաքականություն, բաժնի պետերի միջոցով պետերին ստիպում է, որ հոգեբանական ճնշման տակ դնեն աշխատողներին: Զրկում են սկզբից քո բոլոր պարտականություններից, այն, ինչ դու կատարում ես,մտնում է քո պարտականությունների մեջ, հոգեբանական ճնշման տակ, ինքնասիրությանդ հետ խաղալով ստիպում են ամեն օր ազատման դիմում գրել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց քաղաքապետարանի արդեն նախկին աշխատակից Սիրանուշ Բոյաջյանը, ով մեկն է նրանցից, որ երկու օր առաջ գրել է իր դիմումն ու հեռացել քաղաքապետարանից:
Տիկնոջ խոսքով՝ ինքը մի քանի անգամ փորձել է պարզել, թե ինչո՞ւ են իրենց «ստիպում» աշխատանքից ազատման դիմում գրել: «Իրանք ոչ մի հիմք չտալով՝ ստիպում են, որ ամեն օր դիմում գրես: Ու այդպես գրում են, դուրս են գալիս: Ես հերթական «զոհերից» մեկն եմ, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Ու իրենք ասում են, որ իրենք չեն ուզում աշխատեն հին աշխատողների հետ: Հին ու նոր աշխատողներ իրենք են դրել: Հետո ասում են քաղաքապետն ընտրված է, եթե ընտրված է ժողովրդի կողմից, բոլորիս է հայտնի, որ ինքը դրածո է, մի օր դրվել է, մի օր էլ կհանվի»,- ասաց քաղաքապետարանի նախկին աշխատակիցը:
«Մի՞թե կարելի է նման կադրային ջարդ անել, հետո ասում է ես աշխատող մարդու հետ եմ աշխատում: Աշխատում ես, ամեն ինչը սովորացնում ես, հետո ասում են ցտեսություն ձեզ, մեզ պետք չես»,- շարունակեց նա: Սիրանուշ Բոյաջյանը աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ: Նա թվարկեց այլ անուններ, որոնց եւս, ըստ իրեն, Սամվել Բալասանյանը աշխատանքից ազատել է: «Տաթեւիկ Առաքելյան, Շուշաննա Մարտիրոսյան, Կարինե Վարոսյան, նորից էլի բոլորին նույն ձեռագրով, հոգեբանական ճնշումների ենթարկելով ստիպում է դիմում գրել եւ դուրս գալ: Վերջը ինչքան կարելի է շարունակել, մեկը պիտի լինի, որ այս հարցին ընթացք տա»,- շարունակեց նա: Ի՞նչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում, եւ ի՞նչ պատճառով են իրականացվում կադրային կրճատումներ:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը ասաց, թե կրճատումների պատճառը հնարավոր է՝ երկու բաժինների միացումն է եղել: Քաղաքապետին փոխանցեցինք, որ նախկին աշխատակիցը պնդում է, որ հոգեբանական ճնշումների արդյունքում է աշխատանքից սեփական դիմումի համաձայն դուրս եկել: Այս առնչությամբ Ս. Բալասանյանը հայտարարեց. «Լավ էլի, ուղղակի վերջացրեք էլի, ինչ հոգեբանական ճնշում: Ես ում երեսն եմ տեսնում, որ հոգեբանական ճնշում գործադրեմ…»:
Մանրամասներն՝ այստեղ