Արթուր Բաղդասարյանը պատմական բացառություն է
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու հարցին, հայտարարեց, որ Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կլինի ԵՏՄ կազմում: Իսկ որտեղի՞ց Ա. Բաղդասարյանին նման վստահություն, չէ՞ որ նա ընդամենը ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարն է: Բայց ոչ միայն: Կոալիցիայից դուրս գալուց հետո Բաղդասարյանը հրաժարական տվեց Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի պաշտոնից, բայց շարունակեց մնալ որպես խորհրդի անդամ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ա. Բաղդասարյանն իր ԱԱԽ դուրս չգալը պայմանավորեց նրանով, որ ինքը 6 տարի աշխատել է ԱԱ խորհրդի քարտուղար և այդ աշխատանքի ընթացքում փորձ և կապեր է ձեռք բերել: Սա չափազանց հետաքրքիր պատճառաբանություն է, և եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա ԱԱԽ անդամ պետք է լինեին նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսան Հարությունյանը, և բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր եղել են ԱԱԽ քարտուղար կամ նախագահ, և բազմաթիվ կապեր ու փորձ են ձեռք բերել իրենց աշխատանքի ընթացքում: Երևի Արթուր Բաղասարյանի ձեռք բերած կապերն իսկապես այնքան յուրահատուկ են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է նրա համար բացառություն անել և թողնել ԱԱԽ կազմում՝ չնայած նրա ընդդիմադիր դառնալուն: Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության մեջ սա միակ բացառիկ դեպքն է, երբ ԱԱԽ անդամը ընդդիմադիր է: ԱԱԽ կազմում ևս մեկ ոչ իշխանական անդամ կա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց Ծառուկյանը իրեն ընդդիմադիր չի համարում: