Ընդդիմություն՝ կես դրույքով
Այսօր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ իրենց կուսակցության կողմից Վարչական դատարան դիմում ներկայացնելուն, որով ՕԵԿ-ը վիճարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները: Մասնավորապես, Բաղդասարյանն ասում է «Ռուսաստանը Հայաստանին գազը տալիս է շատ լավ գնով՝ 189 դոլարով»: Բաղդասարյանը անընդունելի է համարում, որ հայ-վրացական սահմանը հատելուց հետո գազը դառնում է 391 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար: Իրականում Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ոչ թե 189, այլ հեց 391 դոլարով, իսկ 189 դոլարն այն գինն է, որով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազը վաճառում է իր դուստր ձեռնարկությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Բայց Ա. Բաղդասարյանը պետք է գովերգի Ռուսաստանին, և փառաբանի Հայաստանին՝ գազը լավ գնով վաճառելու համար: Նա չի կարող ասել, որ Ռուսաստանը Հայաստանին գազը կրկնակի ավելի թանկ է վաճառում, քան Ադրբեջանը Վրաստանին: Իսկ ինչո՞ւ չի կարող ասել, քանի որ նա, չնայած իրեն ընդդիմություն է հայտարարել, բայց ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի, եթե դրա մասին իմանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ավելի լավ է չպատկերացնել: