Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ ինքն է կեղծել Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի ստորագրությունները. news.am
Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Հարցաքննությունը դեռ չի ավարտվել, մեկուսարանում ամեն օր հարցաքննություն է լինում, քանի որ գործն ինքնին երկար՝ բիզնես հիմնելուց մինչեւ գործարքներ: Ինչպես ի սկզբանե հայտարարել է, նա միայնակ է գործել, բայց Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները նմանակել է: Նա այս հանգամանքի մասին հենց սկզբից էլ ասել է»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ գործարարը հայտնի մարդկանց ստորագրությունները կեղծել է առանց այդ մարդկանց զգուշացնելու: Այս արարքի նպատակն էլ այն է եղել, որպեսզի հետագայում պաշտպանի իր բիզնեսը:
«Աշոտ Սուքիասյանը մեծ ցավ է ապրում, որ նմանակել է այդ մարդկանց ստորագրությունները: Ինքը վախեցել է, որ իր բիզնեսը կխլեն իրենից, Աֆրիկայում մեկ անգամ արդեն ինչ-որ մեկը խաբեությամբ տիրացել էր նրա բիզնեսին: Իսկ նմանակել է հենց այս մարդկանց ստորագրությունը, քանի որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան թեմի խաչքավորն է եղել, իսկ Տիգրան Սարգսյանն էլ՝ ատենապետը: Երբ ես նրան հարցրի, թե ինչու է նմանակել, նա սկսեց արդարանալ, տարբեր պատճառներ բերել, թե իբր ցանկացել է հետագայում սյուրպրիզ անել Տիգրան Սարգսյանին եւ սրբազանին: Բայց սրանք միայն արդարանալու միջոցներ են: Իրականում, Աշոտ Սուքիասյանը կեղծել է, որպեսզի իր բիզնեսին կպնող չլինի»,- ավելացրեց Յուրիկ Խաչատրյանը:
Մանրամասներն՝ այստեղ