Ուշադրություն. մենինգիտի նոր համաճարակը մեծ տարածում ունի 2-10 տարեկան երեխաների շրջանում

«Ամբողջ տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում, մենք այսօր ունենք էնտերովիրուսային հիվանդության բարձրացում, և, ցավոք սրտի, բացի նրանից, որ այն բարձրացել է, ունենք նաև այդ հիվանդության մի շարք արտահայտումներից ամենածանր ձևը, որը կոչվում է մենինգիտ (ախտահարում է գլխուղեղի թաղանթները)»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:

Ա. Ասոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այդ հիվանդությամբ վարակվածները հիմնականում կուտակվում են 3 հիմնական հիվանդանոցներում՝ Արաբկիր բժշկական կենտրոնում, Սուրբ Աստվածածին հիվանդանոցում (Ծերեթելի) և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:

«Բավական շատ են դեպքերը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս վիրուսից հարուցված մենինգիտը բավական լավ է ենթարկվում բուժման, ընդամենը 2 կամ 3 օր բուժումից հետո մենք ունենում ենք փայլուն արդյունք»,- ասաց Ա. Ասոյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս համաճարակի տարածումը տարածաշրջանում, ինֆեկցիոնիստը պատասխանեց.

«Սա այն բացառիկ վիրուսն է, որի հետ կապված ես ինքս, որպես մասնագետ, շատ հարցականներ ունեմ, որովհետև բավական երկար ժամանակ՝ 30 տարուց ավելի, աշխատում եմ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում, սակայն նման համաճարակ չեմ հիշում: Չեմ հիշում, որ էնտերո վիրուսն այսքան մենինգիտ առաջացնի: Մասնագիտական գրականության մեջ, ճիշտ է, նկարագրվում է, բայց այսօր ամեն ինչն է փոխվել, այդ թվում՝ էնտերո վիրուսը, ջրծաղիկը: Մենք, ցավոք սրտի, ջրծաղիկից մահվան դեպքեր ենք ունենում: Օրինակ, վերջին 3 տարում գրանցվել է ջրծաղիկից 5 մահ, բայց էնտերո վիրուսից, փառք Աստծո, դեռ չունենք մահվան դեպք»:

Խոսելով էնտերո վիրուսով հիվանդ մարդկանց թվաքանակի մասին՝ ինֆեկցիոնիստը նկատեց, որ շատ են վարակվածները, ու ինքը դեռ չի կարող հստակ թիվ նշել.

«Սպասենք՝ ավարտվի այս համաճարակը, մենք կամփոփենք, որովհետև, եթե ասենք միայն մեր հիվանդանոցի տվյալները, դա խոսող թիվ չի լինի»:

Ըստ ինֆեկցիոնիստի՝ առայժմ երևում է, որ համաճարակը հիմնականում երեխաների շրջանում է տարածված.

«Հիվանդների մոտավորապես 80-84%-ը կազմում են 2-10 տարեկան երեխաները»:

Ա. Ասոյանի խոսքով՝ դա վարակ է, որը փոխանցվում է և՛ օդակաթիլային ճանապարհով, և՛ շփվելով, սերտ կոնտակտի միջոցով.

«Բայց թե հիվանդության գաղտնի շրջանը որքա՞ն է՝ հայտնի չէ, այստեղ մենք ինքներս բավական շատ հարցեր ունենք, որոնց դեռ չենք կարող պատասխանել»:

Ըստ Ա. Ասոյանի՝ հիվանդությունը հիմնականում արտահայտվում է հետևյալ հիմնական ախտանիշներով՝ ջերմության բարձրացում, փսխումներ և գլխացավ.

«Եթե այս 3 նշանները կան, ապա մենք արդեն մտածում ենք մենինգիտի մասին»:

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ ժամանակին են մարդիկ դիմում իրենց, ինֆեկցիոնիստը պատասխանեց.

«Շատ զգոն է մեր բնակչությունն այս դեպքում, նույնիսկ մի բան էլ ավելի շատ են բերում, քան պետք է: Այսինքն՝ զգոնությունը բավական բարձրացել է, մայրերը, ծնողները հենց տեսնում են՝ նման ախտանիշներ կան երեխայի մոտ, անմիջապես բերում են հիվանդանոց»:

 

Տեսանյութեր

Լրահոս