Հայտնի է Գառնիում 26-ամյա երիտասարդի ինքնասպանության պատճառը. «Ժողովուրդ»
«Կոտայքի մարզի Գառնի գյուղում, սույն թվականի հուլիսի 3-ին, ինքնասպան եղած 26-ամյա Լևոն Կարապետյանի հարազատները դեպքից հետո պարզել են երիտասարդի ինքնասպանության դիմելու պատճառը»- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով՝
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լևոնի հորեղբորորդին պատմեց, որ սիրած աղջիկը նրան նեղացրել է, վատ վիճակի է հասցրել:
Այն, որ յուրաքանչյուր ինքնասպանություն ունի իր դրդապատճառները, հասկանալի են բոլորին, սակայն նկատենք, որ ոչ բոլոր դեպքերում են դրանք բացահայտվում, թե ինչ հանգամանքներում և ինչի համար են մարդիկ գնում այդ քայլին: Որոշ դեպքերում, օրինակ, ինքնասպանություն գործած անձինք գրություն են թողնում, որ իրենց արարքի համար ոչ ոքի չմեղադրեն, իսկ մի մասն էլ ծանր հիվանդությունից կամ սոցիալական վիճակի վատթարանալուց հետո նախընտրում է վերջ տալ կյանքին:
Իսկ թե ինչ էր կատարվել հուլիսի 3-ին Գառնի գյուղում, փորձեցինք պարզել Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանից և ինքնասպան եղած Լևոնի հորեղբորորդի Վարդան Կարապետյանից:
Եվ այսպես, 26-ամյա Լևոն Կարապետյանը, ով ընտանիքի միակ արու զավակն էր և ուներ մեկ քույր, հուլիսի 3-ի վաղ առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, ով Լևոնի ընտանիքի հետ բարեկամական կապ ունի, պատմեց, որ տղային կախված գտել են սեփական տան լոգարանում:
«Բարձրագույն կրթություն ուներ, սովորել էր Ագրարային համալսարանի կառավարման ֆակուլտետում: Մասնագիտությամբ չէր աշխատում, գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Ամուսնացած չէր, շատ դրական բնութագրվող ընտանիքի զավակ էր. հայրը մեղվապահ է, միջին ապրող ընտանիք են»,-մեզ հետ զրույցում ասաց Ա. Վարդանյանը:
Ըստ գյուղապետի՝ 26-ամյա երիտասարդն ալկոհոլի հետ սեր չի ունեցել, կապ չի ունեցել նաև կրոնական որևէ կազմակերպության հետ: Մեր հարցին՝ ինչը կարող էր լինել երիտասարդի ինքնասպանության պատճառը, գյուղապետը պատասխանեց, թե որևէ վարկած չի պտտվում: Նշենք նաև, որ Լևոնի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և նա կատարած քայլից առաջ որևէ գրություն չի թողել:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։