Բաժիններ՝

ԱԱԾ-ից հրավիրում են զրույցի, իսկ թաղային տեսուչներն այցելում են ակտիվիստների տներ (տեսանյութ)

Այսօր «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը զանգ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) և հրավիրվել զրույցի: Վ. Շուշանյանը մերժել է՝ պահանջելով համապատասխան ծանուցում ներկայացնել:

Զանգահարող ԱԱԾ փոխգնդապետը խոստացել է ծանուցում ուղարկել:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հարցին վերաբերող նիստի ընթացքում Վ. Շուշանյանն այն երկու ակտիվիստներից մեկն էր, ում թույլատրել էին մասնակցել նիստին: Շուրջ կես ժամ հարցերը լսելուց հետո ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի նյարդերը տեղի էին տվել, նա ոտքի կանգնելով՝ դիմել էր հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին.

«Դուք, հիմա չգիտեմ՝ ո՞ւմ եք կանչել ընդհանրապես, մեզ մերժում եք՝ ասելով, որ հ/կ-ները շատ են։ Ես Հ/կ-ների հետ վաբշե կապ չունեմ, ես իմ ջեբի մասին եմ մտածում, այստեղ նստածներից յուրաքանչյուրն իրավունք չունի խոսել իմ ջեբի մասին, հաստատ էդ չորս դրամը դուք չեք մարսելու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ տալու էդ փողը, պետք եղավ՝ ահաբեկություն էլ կանեմ»: Ապա շարժվելով դեպի սրահի մուտքը՝ բացականչել էր.

«Վախենում եք՝ խաթարվի՞ ձեր անդորրը, պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարո՛ն Նազարյան, ազգին արած լավությունների համար»: Այդ ասելով՝ նա լքել էր դահլիճը:

168.am-ի հետ զրույցում Վ.Շուշանյանն ասաց, որ իր հետ հեռախոսազրույց ունեցած փոխգնդապետն ասել է, որ վախենալու ոչինչ չկա, ոչ մի վարչական կամ ինչ-որ լուրջ հարց չկա, ուղղակի ուզում են իր հետ զրուցել.

«Ասեցի՝ կապ չունի՝ ինչ հարց է, ինչ հարց չէ, նախ, առաջինը՝ քաղաքում չեմ՝ դեպք է պատահել, քաղաքից դուրս եմ, երկրորդն էլ՝ մինչև ծանուցագիր չլինի՝ չեմ ներկայանա»:

Նա էլ ասաց՝ «Տղա ջան, եթե ծանուցագիր ես ուզում, ուրեմն՝ կլինի ծանուցագրով»:
Վ. Շուշանյանն ասաց նաև, որ թեև որևէ հիմք չեն նշել, թե ինչու են կանչում, բայց ինքը մոտավորապես գլխի է ընկնում՝ ինչի համար կարող են կանչել.

«Երբ ՀԾԿՀ-ի ներսում ես մի քիչ տաքացած արտահայտություն արեցի, ասեցի՝ «պետք լինի՝ ահաբեկություն էլ կանեմ», ինձ թվում է՝ դրա համար են կանչում: Դրանք զուտ տաքացած վիճակում ասված խոսքեր են: Թե չէ՝ ի՞նչ եմ արել, որ ԿԳԲ-ն կանչի»:

Վ. Շուշանյանը կարծում է՝ ինքը ծանուցագիր չի ստանա, որովհետև գրանցված է մարզում, իսկ բնակվում է Երևանում.

«Ծանուցագիրը գալու է իմ գրանցման հասցեով, ես տեղում չեմ լինելու: Այդ ծանուցագիրը նորից գնալու է իրենց մոտ, ու այդ ժամանակ չգիտեմ, կարող է՝ նորից զանգեն, նորից փորձեն ինչ-որ ձևով իմ հետ կապ հաստատել, որովհետև համարս ունեն: Թող իմ Երևանի բնակության հասցեն իմանան՝ այնտեղ ուղարկեն, ես ծանուցագրի համար չեմ գնալու այնտեղ: Եթե իրենց պետք եմ, թող գտնեն, առանց իրավական հիմք ներկայացնելու՝ ոչ մի տեղ չեմ ներկայանա, քանի որ ես ինքս իրավաբան եմ, գիտեմ՝ այդ տեսակ հարցերը ոնց են լինում»:

Ակտիվիստը պատմեց, որ հուլիսի 23-ից հետո, երբ ոստիկանները 26 ակտիվիստների տարել էին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, տուժած երիտասարդներից շատերը հանցագործության մասին հաղորդում էին տվել Ոստիկանությանը, որը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հերքվել է.

«Ասեց՝ «այսպիսի բան չի եղել»: Թաղային տեսուչները ներկայացել են այն մարդկանց տները, ովքեր այդ օրն իրենց ակտիվ դրսևորել են այնտեղ: Որոշ տեղերում նույն արտահայտությունն են կրկնել: Երկու ընկերներիցս մեկը Մասիվում է բնակվում, մյուսը՝ Երրորդ մասում, երկուսին էլ նույն տեքստն են ասել՝

«Ձեր մոտերքում գողություն է եղել, գողը չի հիշում՝ որ տնից է գողություն արել, միգուցե ձեր տնի՞ց է արել»:

Բայց ներս չեն թողել: Մյուս երկու ընկերներիս ասել են՝ ««Opel»-ով վրաերթի դեպք է եղել, եկել ենք ստուգենք՝ դա ձե՞ր «Opel»-ն է, թե՞ ոչ»: Երկու լրիվ տարբեր մարդկանց նույն բանն են ասել: Անօրինական գործողություններ են կատարում ոստիկանները, որն ուղեղումս չի տեղավորվում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս