Մայր Աթոռում կայացել է Հին Վեհարանի վերաբացման արարողությունը
Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի է ունեցել Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ բացման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի միաբաններ, Հին Վեհարանի բարերարները և ՀԲԸՄ անդամներ, ինչպես նաև՝ կրթության ու մշակույթի գործիչներ:
Արարողությունն սկսվել է Տերունական աղոթքով, ապա հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և մասնակցությամբ հոգևորականաց դասի կատարվել է օրհնության կարգ: Հավարտ արարողության, ներկաներին իր օրհնությունն է բաշխել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր կյանքից ներս առատորեն շնորհներ է հեղում, որոնցով բարեզարդվում է և պայծառանում մեր Ս. Եկեղեցին իր առաքելության մեջ: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր ձեզ հետ միասին բացում ենք դռները Հին Վեհարանի», – նշել է Վեհափառ Հայրապետը:
Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել Հին Վեհարանի նորոգությունը հանձն առած Հայ Եկեղեցու և ազգի նվիրյալ զավակներ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին` մաղթելով, որ Երկնավոր Տիրոջ Աջը միշտ տարածյալ մնա Սեդրակյան ընտանիքի վրա:
«Նրանք նույնպես ցանկացան բարի հիշատակ ունենալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որովհետև ապրել են Ս. Էջմիածնով և իրենց առաքելության մեջ միշտ կարևոր տեղ է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը», – ասել է Հայոց Հայրապետը` գնահատանքով վկայելով նաև, որ ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը մշտապես կարևորել է համագործակցությունը Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ-ի միջև` այն հավատով, որ համատեղ գործունեությունը պիտի գա զորացնելու ազգային կյանքը, նպաստելու Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելության առավել արդյունավետ իրականացմանը հատկապես Սփյուռքում:
Հին Վեհարանի վերաբացման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել նաև Մայր Աթոռի բարեկարգման գործին տարիներ շարունակ իրենց կարևոր նպաստը բերող տիար Գագիկ Գալստյանին և «Հորիզոն 95» շինարարական ընկերության աշխատակիցներին` մաղթելով գեղեցիկ իրագործումներով շարունակել հայրենի երկիրը շենացնելու իրենց բարի ծառայությունը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցել է Բարձրյալից, որ խաղաղությունն ուղեկից դարձնի Հայոց աշխարհին և աշխարհասփյուռ հայորդիներին, որպեսզի գոհաբանությամբ և նվիրյալ աշխատանքով կարողանան պայծառացնել հայ կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Այնուհետև Հայոց Հովվապետը և Սեդրակյան ամուսինները, հատելով Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապավենը, կատարել են բացումը հիմնանորոգված Հին Վեհարանի, շրջեցին սրահներում, դիտեցին ցուցադրվող բարձրարվեստ արժեքավոր եկեղեցական-ծիսական ցուցանմուշները: