Շնչառական գիմնաստիկա ըստ Բուտեյկոյի. մակերեսային շնչառության գաղտնիքը
Ի՞նչ է ճիշտ շնչառությունը
Ըստ Doctors.am-ի՝ նախ և առաջ, ճիշտ շնչառությունը կարևոր է ծանր հիպերտենզիայով կամ բրոնխիալ ասթմայով տառապող մարդկանց համար: Բանը նրանում է, որ այդ հիվանդությունների դեպքում մարդիկ ստիպված շնչում են որոշակի ձևով, մասնավորապես՝ շատ խորը: Խոր ներշնչում, որին հաջորդում է լիարժեք արտաշնչումը:
Նման «լիարժեք» շնչառությունը բնորոշ է նաև մարզիկներին, որոնց մի մասն իր վրա զգում է նման շնչառության վնասի ամբողջ «հմայքը»: Խնդիրը նրանում է, որ խոր շնչառության դեպքում օրգանիզմից ինտենսիվ ձևով դուրս է գալիս ածխաթթու գազը, ինչն, իր հերթին, հանգեցնում է անոթների սպազմին և թթվածնային քաղցի զարգացմանը:
Դեռևս նախորդ դարի 50-ականներին բժիշկ Բուտեյկոն փորձնական ձևով ապացուցեց, որ բրոնխիալ ասթմայի նոպայի դեպքում բավական է հիվանդին ստիպել, որպեսզի նա շնչի մակերեսայնորեն և ոչ խորը, և նրա վիճակը անմիջապես բարելավվում է: Իսկ խոր շնչառություն կատարելիս՝ բոլոր ախտանիշները կրկին վերադառնում են:
Այսպիսով, ըստ բժիշկ Բուտեյկոյի սահմանման՝ շնչառական գիմնաստիկան խոր շնչառության կամային վերացման մեթոդ է՝ նպատակաուղղված թոքերի հիպերօդափոխումից ազատվելուն:
Շնչառական գիմնաստիկայի առանձնահատկություններն՝ ըստ Բուտեյկոյի
Անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ գիմնաստիկայով զբաղվելու սկզբնական փուլերում կարող են ի հայտ գալ մի շարք տհաճ ախտանշաններ. շնչառության հաճախացում, օդի անբավարարություն, ցավային զգացողություններ, ախորժակի վատացում, ինչպես նաև՝ վարժությունների կատարումը շարունակելու վախ և ցանկության կտրուկ բացակայություն: Պետք է հասկանալ, որ ժամանակի ընթացքում բոլոր տհաճ ախտանիշներն ամբողջությամբ անհետանում են, կարևոր է ընդամենը չդադարեցնել պարապմունքները:
Այս մեթոդի մեծ առավելությունն այն է, որ վարժությունները հնարավոր է կատարել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Իսկ ամենակարևորն այն է, որ Բուտեյկոյի շնչառական գիմնաստիկան չունի որևէ տարիքային սահմանափակում. այն հասանելի է ինչպես 4 տարեկանից բարձր երեխաների, այնպես էլ՝ ամենատարեց մարդկանց համար:
Ներկայումս շնչառական վարժությունների միջոցով բուժման ենթակա ախտահարումների ցանկը զգալիորեն ընդլայնվել է: Բացի բրոնխիալ ասթմայից և հիպերտոնիայից, հաջող բուժման են ենթակա պնևմոսկլերոզը, թոքերի էմֆիզեման, ասթմատիկ բրոնխիտը, թոքաբորբը, ստենոկարդիան, ուղեղային արյան շրջանառության խախտումները, ինչպես նաև որոշ ալերգիկ հիվանդություններ:
Ինչպե՞ս կատարել շնչառական վարժությունները
Սկզբում պետք է տիրապետել Բուտեյկոյի գիմնաստիկայի հիմնական սկզբունքին. 2-3 վայրկյանների ընթացքում պետք է կատարել ոչ խորը մակերեսային ներշնչում, իսկ հաջորդ 3-4 վայրկյաններին՝ արտաշնչում: Աստիճանաբար ներշնչումների միջև դադարը պետք է մեծանա, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է մարդը հանգստանում: Ընդ որում, կարևոր է նայել վերև և ուշադրություն չդարձնել օդի անբավարարության հնարավոր ժամանակավոր զգացողության վրա:
Բուտեյկոն տարանջատել է իր շնչառական վարժությունների կոմպլեքսը երկու տիպի. առաջին՝ այն թոքերի հիպերօդափոխման պարզ կանխումն է, և երկրորդ՝ երբ այս վարժությունները կապակցվում են որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, ինչը հնարավորություն է տալիս էականորեն արագացնել օրգանիզմում ածխաթթու գազի բարձր մակարդակի գործընթացը: Սակայն կարևոր է հասկանալ, որ բրոնխիալ ասթմայի ծանր ձևով տառապող հիվանդներին վարժությունների երկրորդ տիպը խիստ հակացուցված է:
Բացի այդ, չնայած այն բանին, որ վարժությունները կարելի է կատարել ամեն տեղ և ցանկացած ժամանակ, սակայն ամեն դեպքում ավելի լավ է, երբ օրվա ընթացքում պարապմունքները կատարվում են միևնույն ժամանակ: Պարապմունքների ժամանակացույցի օպտիմալ տարբերակը հետևյալն է. ժամը 00.00-ին, 04.00-ին, 08.00-ին, 12.00-ին, 16.00-ին և 20.00 –ին: Հիմնական խնդիրն է հասնել ներշնչումների միջև դադարի 50-60 վայրկյանում:
Վարժություն 1- պահել շունչը մինչև օդի անբավարարության զգացողության ի հայտ գալը, հնարավորինս երկար մնալ այդ դիրքում՝ անհրաժեշտության դեպքում կատարելով կարճ ներշնչումներ:
Վարժություն 2- պահել շունչը քայլքի ընթացքում, օրինակ՝ տեղաշարժվելով սենյակով մինչև օդի անբավարության զգացողություն ունենալը: Շնչել և նորից կրկնել վարժությունը:
Վարժություն 3- շնչել ոչ խորը և մակերեսորեն 3 րոպեի ընթացքում. հետագայում այդ ժամանակն անհրաժեշտ է մեծացնել հասցնելով մինչև 10 րոպեի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: