Ինչքան ունեցվածք ունի Հայաստանի «ամենահամեստ ապրողներից մեկը»՝ Ռոբերտ Նազարյանը

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Հայաստանի ամենահամեստ ապրող մարդկանցից է:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Վահրամ Բաղդասարյանը խոսեց էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու մասին ՀԾԿՀ-ի հուլիսի 1-ի որոշման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՀՀ կավարարության որոշմանը՝ 1000 դրամով 105 հազար ընտանիքի համար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:

«Արդյոք դա ամոթալի որոշում չէ՞, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության ավելի քան 35 տոկոսն աղքատ է» հարցադրմանը Վ. Բաղդասարյանը պատասխանեց հարցով. «Ձեզ ի՞նչ է թվում` ՀՀ-ում կլինի՞ մի քաղաքացի, ով կցանկանար, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնեն»:

Լրագրողներից մեկն արձագանքեց՝ «Ռոբերտ Նազարյանը», ինչին քաղաքական գործիչը պատասխանեց, որ «ամենադեմը» եղել է ՀԾԿՀ-ն, որը, հիշեցնենք, միաձայն կողմ քվեարկեց սակագնի բարձրացմանը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի խոսքով` հանձնաժողովը ստիպված է գնացել այդ քայլին:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի բացատրություններից ստացվում է, որ թե´ իշխող կուսակցությունը, թե´ ՀԾԿՀ-ն, «դեմ ըլլալով», ստիպված կողմ են արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 10 տոկոսով բարձրացնելուն:

«Քանի որ այլ տարբերակներ չկային, և հանձնաժողովը մինչև վերջ ընդդիմացել է, և ձեր նշած Ռոբերտ Նազարյանն ամենամեծ ընդդիմախոսն է եղել, վերջնական արդյունքում համոզվեցինք, որ այլընտրանք չկա, և այս պայմաններում հենց Հանրապետական կուսակցությունն առաջարկեց, որպեսզի ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որ ստուգումներ կատարեն բաշխիչ ցանցի գործունեության շրջանակներում:

Բոլոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո եկավ այն տարբերակը, որ այդ թանկացումը պետք է լինի: Եվ ի՞նչ եք կարծում, կառավարության կամ Սերժ Սարգսյանի համար ցանկալի՞ էր, որ նման հրահանգ իջեցներ, որ այս աշխատավարձերի բարձրացման փուլում 105 հազար ընտանիքի համար նորից այդ սոցիալական միջոցառումը կազմակերպվեր:

Ինչ մնում է այդ 105 հազարին, դա այն խավն է, որն ընդգրկված է նպաստառուների ցուցակների մեջ, իսկ 1000 դրամը հաշվարկված է, որ (սակագնի բարձրացումը) յուրաքանչյուր ընտանիքի վրա ընդամենը 730 դրամի կարգի ազդեցություն պետք է ունենա»,- նշեց նա:

Հանրապետական պատգամավորն ավելացրեց` եթե իրենք համաձայն լինեին հանձնաժողովի հիմնավորումների հետ, չէր ստեղծվի նոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այդ խնդիրներն առաջացրած կազմակերպության գործունեությունը.

«Եթե դուք տեղյակ եք ժամանակին կնքված պայմանագրից, այնտեղ նշված է, որ ընկերության շահույթն անձեռնմխելի է, բայց մենք համաձայն չենք դրան և ցանկանում ենք նորից բանակցային փուլ հրավիրել: Եվ եթե սակագների խնդիր է առաջանում, ինչո՞ւ է այն սպառողի և ոչ թե նաև իրենց շահույթների հաշվին»:

Այս համատեքստում լրագրողներից մեկը նկատեց, որ ՀԾԿՀ-ն իր պաշտոնական կայքէջում հիմնավորումներ է ներկայացնում` փորձելով բացատրել, թե ինչով է պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումն ու հետևաբար էլեկտրաէներգիայի թանկացումը, սակայն այդ համակարգի աշխատակիցները բավական բարձր աշխատավարձ են ստանում, իսկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հասցրել է մեծ հարստություն կուտակել:

«Հետաքրքիր եք ասում` Ռոբերտ Նազարյանը մեծ ունեցվածք է կուտակել: Ես գիտեմ, որ Ռոբերտ Նազարյանը ամենահամեստ ապրողներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում,- պատասխանեց Վ. Բաղդասարյանը:- Եթե դուք նորից սկսում եք հաշվել ուրիշի ունեցվածքները, ես այդ գործով չեմ զբաղվում, բայց, համենայն դեպս, Ռոբերտ Նազարյանը վերջին տարիներին է զբաղեցնում այդ պաշտոնը: Նա սովետական տարիներից սկսած` բավական լուրջ, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել և անընդհատ աշխատել է իր մտավոր կարողություններին համապատասխան, և, կարծես թե, նրանից դժգոհ չեն եղել և´ Խորհրդային միության, և´ երեք նախագահների ժամանակ»:

Տեղեկացնենք, որ միայն պաշտոնական տվյալներով Ռոբերտ Նազարյանին դժվար է աղքատ և «համեստ ապրող» մարդ համարել: Պարոն Նազարյանը 2013 թ. տարեկան հայտարարագրում իր կնոջ հետ միասին ներկայացրել է շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլարի ունեցվածք: Նա հայտարարագրել է 11 միլիոն դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Նախորդ տարի նա պետբյուջեից որպես վարձատրություն ստացել է 8 միլիոն 180 հազար դրամ, բացի այդ նրա տարեկան եկամուտների մեջ նշված է նաև 8300 դոլար, որը Նազարյանը ստացել է տրված փոխառոությունների տոկոսներից։ Ռոբերտ Նազարյանի կինը` Սվետլանա Խառատյանը, հայտարարագրել է 300 հազար ԱՄՆ դոլար և 2 մլն դրամ:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս