Կալանավորված պաշտոնյայի կինը դժգոհ է ՀՀ գլխավոր դատախազից. epress.am
epress.am-ի փոխանցմամբ՝ շուրջ 8 ամիս կալանավորված, կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանի հարազատները, ընտանիքի անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ընդունելություն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։
Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանի կինը՝ Էլզա Սահակյանը պատմել է, որ թեև իրենց ընդունել են քաղաքացիների հայցերի ընդունման բաժնում, միևնույն է՝ ինքը շարունակում է հանդիպում պահանջել գլխավոր դատախազի հետ։
Կայքը նշում է, որ Այլընտարանքային ծառայության Արմավիրի ստորաբաժանման երկու աշխատակիցների` Ալեքսանդր Խաչատրյանի և Սահակ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ վերջիններս 2013թ. հոկտեմբերի 4-ին պահանջել և 2013թ. հոկտեմբերի 14-ին Էջմիածնում ստացել են 400.000 ՀՀ դրամ կաշառք՝ քաղաքացու նկատմամբ համաներում կիրառելու համար։
Հարազատների խոսքով՝ Սահակյանն ընդհանրապես տեղյակ չի եղել կատարվածից, ավելին՝ գումարը ստանալու օրը մասնակցել է հորեղբոր հուղարկավորությանը։
«Ամուսնուս անմեղությունը հաստատում է նաև կաշառք տված քաղաքացին՝ Բաբկեն Բուդաղյանը, դատախազը պետք է վերաորակի ամուսնուս նկատմամբ կիրառված հոդվածը, ինչը միտումնավոր չի անում։ Ամբողջ իմաստն այն է, որ թվեր են ապահովում, իբրև թե պայքարում են կաշառակերության դեմ», – ասել է Էլզա Սահակյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: