Բաժիններ՝

Գումարվել է Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովը

Հուլիսի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյայց և աշխարհասփյուռ թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովը:
Ժողովն իր աշխատանքը կիրականացնի հուլիսի 1-4-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը ժողովականներին ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և իր օրհնությունը տվեց եկեղեցու շուրջ հավաքված երիտասարդներին:

Հուլիսի 3-ին Երևանի առաջնորդարանում ժողովականներին ողջունեց Արարատյան Հայրապետական թեմի առջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի խոսքերով սկսենք. «Սիրասո՛ւն զավակունք մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Անսահման ուրախ ենք՝ ձեզ Երևանի առաջնորդարանում տեսնելու համար: Առավել ևս երջանիկ ենք, քանզի ձեր երիտասարդական ավյունով և անմնացորդ նվիրումով, ձեր հավաքականությամբ խթանում եք առաքելահաստատ մեր Եկեղեցու միասնականությանը:
Հայության բաժանման պատճառը դարձավ «ճակատագիր» կոչվածը: Եվ շուրջ մեկ հարյուր տարի, ծառի բեկված ճյուղերի պես, կիսում ենք հային բաժին ընկած ճակատագիրը: Փա՛ռք Աստծո, որ մենք այլևս հարություն առած հայություն ենք և, առանց մոռանալու մեր եղեռնազարկ պապերին, առանց մոռանալու մեր ազգի ցավը, նոր հույսերով և նոր մղումներով առաջանում ենք «Մեկ Եկեղեցի, մեկ Հայրենիք» կարգախոսով:

Լինելով տարբեր երկրների քաղաքացիներ և կրելով նրանց մշակութային առանձնահատկությունները, դուք երբևէ չեք կորցրել ազգային դիմագիծը և տերն եք հայոց ժառանգության: Ասվածի վառ վկայությունը Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումն է՝ իր միասնականությամբ և առանցքով, որի լիարժեք անդամներն եք դուք: Հայի ազգային եկեղեցին է, որ բեկված նշխարքի հետ փոխանցում է նաև քրիստոնեական վեհ արժեքներ՝ միաբան դարձնելով համայն հայությանը և, ի մասնավորի, ձեզ՝ երիտասարդներիդ: Այդ արժեքներն ունենալու շնորհիվ է, որ մեր Տիրոջը պաշտում ենք հայի պես ու հայի տեսակով:

«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին, ինչպես ազնիվ յուղ…: Այնտեղ պատրաստեց Տերն օրհնությունն ու կյանքը հավիտենական» (Սաղմոս 132:1,3),- ասում է սաղմոսերգուն: Հայրենիքում մեզ միավորել է օրհնյալ մի զգացում՝ եղբայրասիրությունը, որը միտված է ամենուր հայ լինելու և հայ մնալու փափագով: Հայաստանում, անշուշտ, ամենքիդ զգացողություններն այլ են. այստեղ է, որ հայի շունչն ու Հայրենիքն առավել երանգավորված են երևում: Բարո՛վ եք եկել: Եկեք ու… գնացեք՝ կրկին գալու պայմանով, եկեք, երբ կզգաք, որ կարոտի քուրան թեժանում է: Եկեք նորոգվելու, ներշնչվելու, եկեք լցվելու և հայկականությունը բորբոք պահելու համար: Եկեք ձեր տուն, որ ձեր ազգի անունն է կրում: Եկեք ու, ինչու չէ, նաև մնացեք: Ուր էլ որ լինեք, ապրեք հայ քրիստոնյայի արժանավոր կյանքով՝ մեկմեկու սիրելով, անանձնական նվիրումով և հոգու ծառայասիրությամբ:

Թող Աստված օրհնի ձեզ և հարատևորեն բազմապատկի ձեր երիտասարդական շնորհները: Աստվածային իմաստությամբ և հոգու լեցունությամբ վերակերտված ապրեք ձեր ծաղկուն կյանքը՝ շաղախված ազգային ավանդություններով ու մշտանորոգ հոգեկերտումով: Թող ամենքիդ մեջ հորդա աստվածային սերը, ու թող ձեր հոգիներում առատանան Մայր Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ ունեցած վեհ զգացողությունները: Սիրեցե՛ք Աստծուն, եղեք բարի սերմնացանները Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և արժանավոր հետնորդները Հայկյան տոհմածառի: Ամեն»:
Ժողովը նախագահում է ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու և ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ներկայացուցչական ժողովին մասնակցում են Հայ Եկեղեցու 40 թեմերից 55 պատվիրակներ:

Ժողովի նպատակն է նախապատրաստվել ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովին, քննարկել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագիրը, քննարկել և մշակել միջթեմական երիտասարդական համագործակցության ծրագրեր:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս