Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում:
Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:
Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:
Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի:
Կարևորում ենք հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը:
Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»:
ՀՀ Նախագահի աշխատակազմ