Շուշիի հիվանդանոց տանող ճանապարհն անմխիթար վիճակում է
Երեկ ԼՂՀ վարչապետը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատ ձեռնարկատերերի հետ, որի ընթացքում վերջիներս բարձրացրել են այնպիսի հարցեր, որոնք խոչընդոտում են իրենց աշխատանքին, սակայն ըստ էության դրանք այն խնդիրներն են, որոնք մտահոգում են մեր քաղաքացիներից շատերին։
Անհատ ձեռնարկատերերից մեկը բարձրացրեց Շուշիի հիվանդանոց տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին հարցը. տաքսի ծառայություն մատուցողը հաճախակի է անցնում այդ ճանապարհով՝ հիվանդանոց հիվանդ կամ հիվանդատես տեղափոխելու նպատակով։
Ի պատասխան վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ ճանապարհի վերակառուցման համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ, ու միաժամանակ թվարկեց, թե հանրապետության մայրաքաղաքում ու շրջաններում ինչ ճանապարհաշինարարական աշխատանքներ են տարվում, եւ հնարավոր չէ բոլոր հարցերը միանգամից լուծել. ամեն ինչ ըստ առաջնահերթությունների է արվում։
Թե ինչպես են առաջնահերթությունները Ղարաբաղում որոշվում՝ դժվար չէ կռահել. բավական է վերջին տարիների ասֆալտապատ փողոցներ այցելել ու ամեն ինչ պարզ կլինի։
Այն, որ Շուշիի հիվանդանոց տանող ճանապարհը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, շատերին է հայտնի, բայց թե ինչու նշված ճանապարհն այսքան տարի չի վերակառուցվել՝ դա էլ դժվար է ասել, փոխարենը կարելի է ասֆալտապատ ճանապարհ տեսնել ասենք պաշտոնյաներից մեկի օբյեկտի թաղամասում կամ մեկ այլ տեղ, որը հաստատ հիվանդանոց տանող ճանապարհից կարեւոր չէ։ Սակայն, ինչպես ընդունված է ասել՝ «Նայած հարցին որ կողմից ես մոտենում»։
Հիվանդանոցի հետ կապված մեկ այլ խնդիր էլ. հեռու չգնալով պետք է փաստել, որ այսօր երեկոյան ժամերին հանրապետական բժշկական կենտրոն հասնելու համար քաղաքացիները ստիպված են երկար սպասել ավտոբուսին, մինչդեռ, այդ ընթացքում կարելի է մի քանի՝ ասենք Հայկավան գնացող «17» համարի երթուղային տեսնել։ Ի դեպ, «17» համարի երթուղայինը սպասարկվում է մասնավորի կողմից, իսկ ահա հիվանդանոց գնացող «10» համարի երթուղին պետական վերահսկողության տակ է։
Էլ չենք խոսում այն մասին, թե հանրապետության բնակավայրերում ինչքան անմխիթար վիճակում գտնվող եւ անանցանելի ճանապարհներ կան, որտեղ լավագույն դեպքում մեծ դժվարությամբ են շտապօգնության մեքենաները հասնում։
karabakh-open.info