Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, պարոն դեսպան, և հանձինս Ձեզ՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանը և օրենքի գերակայությանը ձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ ի դեմս Միացյալ Նահանգների ունենք հուսալի գործընկեր, որի հետ կիսում ենք բազմաթիվ արժեքներ և իդեալներ։

Hovik Abrahamyan-AMN despanatun0 Hovik Abrahamyan-AMN despanatun1

Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Վերջին մի քանի տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի: Մենք շնորհակալ ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար և պատրաստ ենք ամբողջությամբ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում է բազմաբնույթ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։

Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կուզենայի հատկապես նշել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի գործունեության շնորհիվ փոխգործակցության նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի առաջխաղացման համար: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին համագործակցության ամրապնդման գործում մենք կարձանագրենք նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են հանդիսանում հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման և համգործակցության զարգացման գործում:

Անկախության օրվա առիթով մեկ անգամ ևս շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում այստեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, հետագա առաջընթաց և բարեկեցություն մաղթում Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին»:

Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը:

Տեսանյութեր

Լրահոս