Ի՞նչ կփոխի հացարտադրողներին տուգանելը

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն օրերս երկու հացարտադրողների՝ «Մայակ» ՍՊԸ-ին եւ«Արթուր Պողոսյան» ԱՁ-ին տուգանել է 100 հազարական դրամի չափով:

Խնդիրը նրանումն է, որ հանձնաժողովի մասնագետների կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Մայակ» ընկերության կողմից արտադրված եւ իրացված «մեծ մատնաքաշ» տեսակի հացի միջին քաշը բաղադրագրում նշված 600 գրամի փոխարեն կազմել է 550 գրամ եւ «Արթուր Պողոսյան» ԱՁ կողմից արտադրված եւ իրացված «մատնաքաշ» տեսակի հացի քաշը բաղադրագրում նշված 320 գրամի փոխարեն կազմել է 295 գրամ: Հանձնաժողովը հանձնարարել է ընկերություններին 7-օրյա ժամկետում ներկայացնել սահմանված տուգանքի վճարումը հավաստող փաստաթուղթ եւ հետագայում բացառել օրենքի խախտմամբ ապրանքների իրացումը:

Հանձնաժողովն ակնկալում է նաեւ քաղաքացիների ակտիվությունը՝ դաշտում առկա բոլոր խնդիրներին ծանոթանալու համար։

Իհարկե սա հարցի մի կողմն է, ավելի ճիշտ հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, սակայն հացի արտադրման եւ իրացման ողջ գործընթացն ամենօրյա վերահսկողություն է պահանջում, քանի որ, մեզ մոտ կարծես թե ընդունված է աշխատանքը պատշաճ կատարել այն ժամանակ, երբ ստուգումներ են սպասվում, կամ վերահսկողություն կա, մնացած դեպքերում մարդիկ փորձում են շրջանցել նորմերը եւ խաբել՝ կապ չունի այդ դեպքում ում՝ սպառողին, հարկային մարմնին, թե վերահսկողություն իրականացնողին։ Իսկ ոլորտում խնդիրները շատ են՝ հացաթխման գործընթացից մինչեւ առեւտրի կետերը հասցնելն ու վաճառքը։ Իհարկե, այս ամենում իր մեղքի բաժինն ունեն նաեւ սպառողները, որոնց անտարբերության պատճառով որոշ խնդիրներ այդպես էլ տարիներով լուծում չեն ստանում։

Թե ինչ կփոխվի այս տուգանքներից հետո՝ դժվար է ասել, քանի որ ոլորտում ստուգումներ միշտ էլ լինում են, տույժեր նույնպես, բայց վիճակն այդքան էլ չի փոխվում։

karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս