Գալուստ Սահակյանն ընդունել է Իվան Կուխտային
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային Ժողովից:
Ըստ հաղորդագրության՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց հայ եւ ուկրաինական համայնքների դերը հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացման գործում: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց Ուկրաինայում տիրող քաղաքական բարդ իրավիճակով՝ հույս հայտնելով, որ առկա խնդիրները խաղաղ ու համապարփակ լուծում կստանան: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` դեսպան Կուխտան նշեց, որ Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները:
Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, ինչպես նաեւ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում: Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: