«Եթե Ադրբեջանը ԼՂՀ-ի հետ կազմավորի որեւէ տնտեսական միություն, այդ դեպքում միգուցե ադրբեջանցի ռազմական փորձագետի խնդրանքը հասկանալի կլիներ». ԳԱԼԱ
Արտաշես Գեղամյանի հայտարարություններն այն մասին, որ ողջունելի է Ադրբեջանի մուտքը ԵՏՄ Հայաստանի կողմից, և որ այդպիսով կլուծվի նաեւ Արցախի հարցը, տարբեր կերպ են մեկնաբանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մասնավորապես դժվարանում է հավատալ, որ Ա. Գեղամյանը նման բան ասել է:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ա. Գեղամյանն ասել է.
«Այլ բան է, որ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ձգձգվում է ԵՏՄ-ին միանալու հարցը: Սակայն շատ շուտով տեղի կունենա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի հանդիսավոր ստորագրումը: Ի դեպ, մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը: Դա զգալիորեն կնպաստի մեր միջև առկա խնդիրների ու անըմբռնողության լուծմանը: Ի դեպ, այսօր ով է հիշում, թե ում է պատկանում Էլզասը: Արդեն որևէ նշանակություն չունի, թե Էլզասը ֆրանսիական է կամ գերմանական: Այն Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքն է: Եվ այլևս չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին որ սահմանն է»:
ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը տեղյակ է այս հարցազրույցից, բայց ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վստահ չէ, որ Ա. Գեղամյանը նման բան ասած կլինի:
«Ես վստահ չեմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները ազնիվ չեն եղել պարոն Գեղամյանի մտքերը փոխանցելուց»:
Չնայած, որ Ա. Գեղամյանը իր այս խոսքը հաստատել է Tert.am-ի հետ զրույցում՝ իր այդ հարցազրույցը համեմատելով «շխկոցների կամ ռումբի պայթյունի հետ»:
Գեղամյանի առաջարկին արձագանքել է ադրբեջանցի ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը՝ հայտարարելով, թե Ադրբեջանը պատրաստ է 3 շրջանի վերադարձի դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Այս առնչությամբ էլ Վահրամ Աթանեսյանը ասաց.
Ադրբեջանական կողմից ինչ-որ մի ռազմական փորձագետ անպատասխանատու հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է նրանց հող տանք: Այսինքն ԵՏՄ Ադրբեջանը կանդամակցի, թե չի անդամակցի, դա իր խնդիրն է եւ իր որոշումն է, ի՞նչ կապ ունի մեր մեկ քառակուսի մետր տարածքը իրենց անդամակցման հետ»:
Մանրամասներն՝ այստեղ