«Եթե նույնիսկ թուրքերը գան, ես խրամատ կփորեմ իմ որդու գերեզմանի կողքին ու կպառկեմ նրա մոտ»

Այս հպարտ, խիզախ կինն ապրում է Հադրութ քաղաքի հին թաղամասում, որը կոչվում է «չումնոյեն թաղ»: Միրա Բաբայանին ճանաչում են ոչ միայն Հադրութում, այլեւ ամբողջ Արցախում եւ նույնիսկ Հայաստանում, քանի որ նա լեգենդար Ռոբիկի (Ռոբերտ Բաբայանի) այրին ու նրա միակ որդու` պատերազմում զոհված Սերյոժկայի (Սերգեյ Բաբայանի) մայրն է…

Մինչեւ 1988 թվականը Ռոբերտը ծառայում էր Հադրութում տեղակայված սահմանապահ գնդում: Պաշտոնապես նա աշխատում էր կաթսայատանը` որպես փականագործ: Այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ այդ աշխատատեղը ընդամենը Ռոբիկի հիմնական` հետախույզի աշխատանքի քողն է: Տիկին Միրան այսօր էլ, որպես հետախույզի կին, չի բացահայտում նրա աշխատանքի իսկական էությունը: «Ռոբիկը շատ փակ մարդ էր: Ասում են, որ նրան հանձնարարում էին հատուկ նշանակության գործեր, քանի որ նա գիտեր հարեւան Իրանի հետ խորհրդային սահմանի բոլոր թաքստոցները»:

3024
Սակայն, ի պաշտոնե խորհրդային երկրի նվիրայլը դարձավ ազգի փրկության եւ ազատության խորհրդանիշերից մեկը… «1988 թվականի փետրվարյան առաջին միտինգներից մեկի ժամանակ նա տուն էր եկել Ջեբրայիլի տարածքային ՊԱԿ (պետական անվտանգության կոմիտե) նախկին եւ նոր ղեկավարների հետ: Նրանք ընթրում էին, երբ հեռվից լսվեցին հավաքվածների վանկարկումները՝ «միացում, միացում…»: Գինովցած ՊԱԿ-ականներից մեկը հարցրեց ինձ. «Այդ ի՞նչ տոնախմբություն է Հադրութում»։ Սակայն, ես արդեն հետո հասկացա, որ նրանք պատահական չէին Հադրութ եկել հենց այդ օրը: Դրանից հետո Ռոբիկը դադարեցրեց նրանց հետ շփումները»: Տիկին Միրան խորը շունչ է քաշում, միգուցե ափսոսալով, որ նրանց էր կերակրում իր տանը….

«Շարժման առաջին իսկ օրերից Հադրութը «լցվեց» խորհրդային կայազորի զինվորականներով: Դե, հիշում եք երեւի, հայտարարվեց պարետային ժամ…Բայց դա, կարծես, Ռոբիկի համար չէր…Հիշում եք, թե ոնց է նա գիշերը հայկական դրոշը կախել Խոր աղբյուրի չինարու վրա»:

Այո, փետրվարյան միտինգների առաջին օրերին հադրութեցիները ականատեսն էին դառնում իրենց համար արտասովոր, հայրենասեր պոռթկումների. օրերից մի օր ամբողջ Հադրութը տեսավ 30-40 մետրանոց չինարի ծառի գագաթին ծածանվող Հայաստանի դրոշը: Հիմա միգուցե սա սովորական բան թվա, բայց այն ժամանակ, կայազորի հետապնդումներից փախչող Ռոբիկի արածը հերոսություն էր:

«Գիշերվա ընթացքում դրոշը կախելուց հետո Ռոբիկն առավոտյան եկավ տուն եւ շատ անհանգիստ, ձգտում էր արագ թաքցնել արմատուրայի կտորը: Նա տարավ այդ երկաթի կտորը տնից հեռու եւ թաքցրեց մոշենու մեջ: Պարզվեց, չինարու ծառը սահուն էր, եւ, բարձրանալու համար, նա արմատուրայից պատրաստել էր երկաթե կեռեր, որոնց միջոցով եւ հասավ ծառի գագաթին: Քանի որ դրոշը նկատելուն պես կայազորը սկսեց փնտրել այդ քաջագործության հեղինակին՝ պետք էր արագորեն ազատվել ապացույցից»,-վերհիշում է կինը:

Իսկ մի քանի օր անց, դարձյալ գիշերվա ընթացքում, Ռոբիկն ու Էմիլը (Էմիլ Աբրահամյանը՝ Շարժման լիդերներից մեկը – հեղ.) եւս երկու հոգու հետ Տյաք գյուղի մոտակայքում գտնվող արոտավայրի տարածքում փորեցին Հայաստանի գերբը: Զարմանալ կարելի է, թե ինչպես են մութ գիշերին գծագրել այն եւ հողի մեջ փորել հայկական աշխարհի այնժամանակվա զինանշանը:

3026

Լռում է… հետո հպարտությամբ շարունակում պատմել իր լեգենդար ամուսնու մասին. «1991 թվականին մեր (Հադրութի շրջանի-հեղ.) գյուղերի բռնի տեղահանումից հետո, երբ շարժման լիդերներն ու ակտիվիստները հասկացան, որ առանց պայքարի նրանց չի հաջողվի հասնել հայրենիքի ազատությանը, Ռոբիկը սկսեց պատրաստել ինքնաշեն ականներ, զենք եւ զինամթերք: Մեր տան մոտ մի գետնափոր կացարան կար, այնտեղ էր նրա արհեստանոցը: Մինչեւ ուշ գիշեր Ռոբիկը ստիպում էր ինձ նավթե լամպով լույս ապահովել, որպեսզի աշխատի: Դե, երեւի լսել եք, որ նա փոքր «Գրադ» կայան է սարքել: Երբ այն կրակեց, ազերիները խուճապի մեջ փախան կռվի դաշտից»:

«Օրերից մի օր մենք բարձր աղմուկ լսեցինք. նայեցինք դեպի փողոցը, եւ տեսանք, որ դեպի մեր տուն են գալիս Հադրութուոմ տեղակայված խորհրդային կայազորի զինվորները, իսկ նրանց հետեւից էլ` ադրբեջանական ՕՄՈՆ-ականները: Հերթական անձնագրային ռեժիմի ստուգում էր: Ես ասեցի տան անդամներին, որ չեմ թողնի, որ նրանք մտնեն մեզ մոտ: Սկեսուրս ասաց, թող գան, ինչ պետք է անեն մեզ: Մի քանի վայրկյանում մեր բակում հայտնվեցին բազմաթիվ զինվորականներ: Նրանք սկսեցին ամեն ինչ տակն ու վրա անել` թե տանը, թե բակում: Ես վախեցած էի, քանի որ գիտեի, որ մեզ մոտ մեծ քանակի զենք ու զինամթերք կա: Սակայն, նրանք այդպես էլ ոչինչ չգտան: Հետո պարզվեց, որ Ռոբիկին նախօրոք տեղեկացրել էին, որ ինչ-որ մեկը տեղացիներից մատնել է նրան ռուսներին, եւ նա գիշերվա ընթացքում, երբ բոլորը քնած էին, թաքցրել է ամեն ինչ տնից շատ հեռու, միայն իրեն հայտնի վայրում, ինչի մասին գիտեր մայրը` սկեսուրս: Այդ օրը ես մի տեսակ հիասթափվեցի ռուս զինվորներից. նկուղում, քրքրելով հին սունդուկը, մի զինվոր ինթնաձիգի ծայրով բարձրացրեց կանացի կրծքկալը ու լկտիաբար, չամաչելով նույնիսկ մեծահասակ սկեսուրիցս, բացականչեց. «Օօօ, սա պետքական իր է…»:

«Ես նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչքան մարդիկ էին գալիս Ռոբիկի հետ, գիշերում մեր տանը, իսկ վաղ առավոտյան գնում «գործի»: Հիշում եմ, նոյեմբերյան մի ցուրտ, խոնավ օր էր: Ես տեֆտելի էի սարքել, մի մեծ կաթսա, գիտեի, որ Ռոբիկը երբեք մենակ չի գալիս: Ուշ երեկոյան նրանք եկան. տասնմեկ թրջված, մրսած, ցեխի մեջ կորած հոգի….Վառարանի վրա տաք ջուր կար, նրանք հերթով լվացվեցին, փոխվեցին, հագան չոր ու տաք շորեր եւ նստեցին ընթրիքի….Ես իմ կյանքում երբեք այդքան գովասանքներ չէի լսել….Ինչ օրեր ենք ապրել….»։

Անվերջ հուշերի շարանում տիկին Միրան հիշեց եւս մի նշանակալից օր: «1991 թվականի դեկտեմբերյան մի արեւոտ, սակայն ցուրտ օր էր: Մենք ինչ-որ զինտեխնիկայի դղրդոց լսեցինք: Դե, քանի որ հարեւաններով բոլորս փրկվում էինք «Ալազանի» հռթիռակոծություններից մեր թաքստոցում, այդ պահին էլ բոլորովս դուրս եկանք, որպեսզի հասկանանք, դե այդ ինչ արտասովոր ձայներ են:

Մի պահ մեր մարմիններով սարսուռ անցավ, երբ տեսանք, թե ինչպես են Հադրութը լքում խորհրդային կայազորի զորքերը:

Կանանցով սկսեցինք մտմտալ, որ սա մեր վերջն է, թուրքերը կմտնեն ու կկոտորեն մեզ: Ու պարզ հիշում եմ, թե ինչպես զայրացավ Ռոբիկը, ասելով.

«Ձեններդ կտրեք: Թող գնան կորչեն, հենց դրանք են մեզ խանգարողներն ու վիճակը շիկացնողները: Դուք հո տեսել եք, թե ինչեր են անում անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակի տակ…»։

Ես կսկիծով խնդրեցի պատմել նաեւ որդու՝ Սերյոժկայի մասին: Չնայած, որ նրա անունը Սերգեյ էր, սակայն նա այդպես էլ մնաց բոլորի հուշերում որպես Սերյոժկա…
Խորը հոգոցից հետո, տիկին Միրան հանգիստ սկսեց պատմել:

Սերյոժան ծնվել էր 1969 թվականին: Դեռ մինչեւ ղարաբաղյան շարժումը սովորում էր Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտում, գյուղատնտեսության մեխանիզացիայի ֆակուլտետում: Առաջին կուրսից հետո գնաց խորհրդային բանակ, ծառայում էր Կուրիլներում: Բանակից հետո նա եկավ Տաշքենդ, հորաքրոջ մոտ: Հորաքույրն ու ամուսինը թաքցրեցին նրա փաստաթղթերը, որպեսզի նա չվերադառնա Ղարաբաղ:

Բայց նա անկոտրուն էր: Եկավ 1990 թվականի ապրիլին ու միանգամից հոր հետ անցավ պարտիզանական պայքարի: Քանի որ այն ժամանակ զենք չկար, նա նեղվում էր, ու անընդհատ խնդրում հորը, որ իր համար ինքնաձիգ հայթայթի:

Օրերից մի օր Ռոբիկը մի բոլորովին նոր ինքնաձիգ բերեց, ու դուք միայն տեսնեիք, թե ինչպես ենք մենք ամբողջ ընտանիքով սկսել մաքրել նրա վրայից յուղը: Քանի որ զենքերը քիչ էին, մարտական առաջադրանքի գնալուց տղաները մեկը մյուսին էին փոխանցում զենքը: Սերյոժկայի «գործընկերը» Ֆելիքսն էր, որն էլ, ցավոք, հետագայում զոհվեց Ստեփանակերտում, ռմբակոծության ժամանակ: Հայր ու որդի միասին էին գնում առաջադրանք կատարելու, դե պատկերացրեք մեր վիճակը….»։

Մի պահ տիկին Միրան լռեց, հետո շարունակեց վերհիշել. Սարինշենն ազատագրելուց հետո, 1991 թվականի ուշ աշնանը, երբ տղաները վերադարձան, պատշգամբից տեսավ, որ Սերյոժկան նրանց հետ չէ: Միանգամից քրտինքը տվեց երեսին: «Հարցրեցի նրա մասին, տղաներն ինձ հանգստացրին եւ ասացին, որ նա շուտով կգա: Մի 20 րոպեից Սերյոժկան եկավ. նրա շորերը ներկված էին արյունով, ես մի պահ ինձ կորցրեցի, թվաց, թե նա վիրավոր է: Հետո պատմեցին, որ մարտի ժամանակ զոհվեց պատանի թաղասեռցի Արմենը, առաջին զոհը, եւ Սերյոժկան գրկած նրան բերեց տուն….»

1992 թվականի հոկտեմբերին մարտեր էին տեղի ունենում Խծաբերդ գյուղի մոտակայքում, Բաշարաթ լեռան բարձունքներում: Այդ մարտերից մեկում էլ հոկտեմբերի 5-ին զոհվեց քսանամյա Սերգեյը։

Ինչպես պատմում են Ռոբիկի զինակիցները, երբ մարտեր էին տեղի ունենում Զանֆելանի մոտակայքում, հայկական ուժերն անցում էին բացել խաղաղ բնակչության համար, որպեսզի նրանք անվնաս հեռանան: Ռոբերտը ընկերոջ հետ շրջում էր քաղաքով, որպեսզի համոզվի, որ այլեւս բնակիչ չի մնացել: Հանկարծ մի տնից դուրս եկավ սարսափած մի 15-16 տարեկան ադրբեջանցի պատանի: Նա ամբողջ մարմնով դողում էր վախից ու խնդրում, որ նրան չսպանեն: Որդեկորույս Ռոբերտը ինքնաձիգը դրեց գետնին, բռնեց պատանու ձեռքը եւ անձամբ հասցրեց մինչեւ անվտանգ անցումը՝ միջանցքը:

«Բա թուրքը /ադրբեջանցին-հեղ./ ինչպե՞ս կարողացավ խլել իմ որդու ու ամուսնու կյանքերը»,- արտասուքն աչքերին պատմում է տիկին Միրան, ով տասնյակ հայորդիների կյանքը փրկելու համար արյուն էր հանձնել՝ մտքում տառապելով, որ ոչնչով չկարողացավ օգնել իր որդուն:

«Դեռ մինչեւ շարժումը ես աշխատում էի Հադրութի Հակահամաճարակային կայանում: Իսկ երբ կայանի գործունությունը դադարեցվեց, աշխատանքի անցա զինվորական հոսպիտալի լաբորատորիայում: Հիմա ամեն անգամ վերհիշում եմ մեզ մոտ հերթով գործուղղված բժիշկներին. եկել էին եւ Երեւանից, եւ Պյատիգորսկից….Դաժան օրեր էին, բայց ինչքան համախմբված ու պարզ էինք բոլորս, գիտակցում էինք, թե ինչի համար ենք անում ամեն ինչ»:

«Սերյոժայի մահից հետո մեր կյանքը բոլորովին իմաստազրկվեց. կորցրեցինք մեր միակ որդուն, երկու քրոջ եղբորը: Բայց առավել դժվար էր Ռոբիկի համար….Նա զուսպ էր իր ողբերգության մեջ, նույնիսկ թույլ չէր տալիս մեզ բողոքի բառ անգամ ասել, նշելով. «Սա մեր ազգի փրկության ու ազատության համար պատերազմ է, իսկ պատերազմում զոհեր են լինում: Ո՞վ պետք է ազատի մեր հողը, եթե ոչ մենք»։

Սակայն դաժան կորստի ցավը հանգիստ չէր թողնում հերոս Ռոբիկին: Նա միանգամից կոտրվեց, նախկին խիզախ մարդը կորցրեց կյանքի հանդեպ հետաքրքրությունը, սակայն չդադարեց կռվել: Բայց որդու կանչն ավելի ուշեժ գտնվեց. մի տարի չանցած, 1993 թվականի սեպտեմբերի 26-ին զոհվեց նաեւ Ռոբիկը….

Դա ողբերգություն էր ոչ միայն Բաբայանների ընտանիքի համար, քանի որ, կորցնելով նաեւ Ռոբիկին, այդ գերդաստանը կորցրեց վերջին տղամարդուն, այլ Հադրութը կորցրեց իր լեգենդներից մեկին…

Թեւաթափ եղած տիկին Միրան սկեսրոջ` Սուսաննա Մակարովնայի հետ մնացին ամուսնու քրոջ` Գալինայի եւ նրա ամուսնու` Վոլոդիայի խնամակալության տակ: Դուստրերը Տաշքենդում էին (նրանց տեղափոխել են կրտսեր աղջկա` Մարինայի վիրավորվելուց հետո. 1992 թվականի հունիսի կեսերին բակում պայթած «Գրադի» բեկորը վնասել էր նրա ոտքը): Տիկին Սուսաննան համարում էր, որ մահացել է Ռոբիկի հետ….

Առայսօր էլ տիկին Միրան ու Գալյայի ընտանիքը համերաշխ ու ցավով միավորված ապրում են այս տանը, որը կիսված է երեք մասի. մեկում ապրում է Ռոբիկի, մյուսում` Գալյայի ընտանիքը: Նրա աղջիկները` Նադյան ու Իրինան վերաբերվում են տիկին Միրային որպես երկրորդ մոր: Ավելին, ամուսնացած Գալյայի դուստրն ամուսնու եւ փոքրիկ Ռոբերտիկի հետ բնակվում է տատիկի տանը: Այս փոքրիկը երկար ու ծանր տարիներից հետո նորից իմաստավորեց համերաշխ ու սիրով լի ընտանիքի առօրյան:

Երկար տարիներ տիկին Միրան Սերյոժկայի սենյակում էր պահում նրա շորերն ու զինվորական կոշիկները: Մահը տարիներ շարունակ հանգիստ չէր թողնում կսկիծով լցված մոր սիրտը: Սակայն, տարիներն անում են իրենց գործը…Հարազատները ստիպեցին նրան հավաքել այդ իրերը եւ շարունակել ապրել` հանուն դստրերի, որոնք բնակվում են Երեւանում:

Մեր զրույցը սահուն հասավ այսօրվան: Տիկին Միրան չկամեցավ խոսել ներկայիս վարք ու բարքերի մասին: Դրանք խորթ են նման ճանապարհ անցած ընտանիքի համար. այս մարդիկ ունեն իրենց արժեհամակարգը, իրենց սրբություններն ու կյանքի հանդեպ պատկերացումները:

Մի պահ, երբ ես նրան ներկայացրեցի բանակցային սեղանի վրա դրված «Մադրիդյան սկզբունքները», տիկին Միրայի դեմքը այլայլվեց զայրույթից. անհանգիստ շարժվեց բազկաթոռի մեջ, ձայնի մեջ միանգամից հայտնվեցին վճռականությունն ու անկոտրուն կամքը: «Ինչպե՞ս թե հողեր պետք է հանձնենք։ Սա ի՞նչ անհեթեթություն է, ապուշություն։ Այդ ո՞ւմ գլխով են նման բաներ անցնում։ Հողերի մասին կարող է խոսել միայն նա, ով պատկերացում չունի, թե ինչ է կորստի ցավը:

Ո՞վ է դրանց թույլ տվել խոսել մեր անունից։ Որեւէ մեկը հարցրե՞լ է ինձ կամ ինձ նման հարազատներ կորցրած հազարավորներին, թե ինչ է այդ հողը մեզ համար։ Հողի մասին խոսողները պատկերացնո՞ւմ են անգամ, թե ինչ է նշանակում այս կյանքում դատարկաձեռն մնալը, միայն թե մենք մեր երկիրն ունենանք։ Այդ ո՞ր առյուծի կաթ խմածներն են ուզում վաճառել մեր հարազատների արյունը»։

Ասում են, ուզում են ադրբեջանցիներին նորից հետ բերել։ Ինչպե՞ս է դա հնարավոր, ո՞ւր են գալիս՝ մեր հարազատների արյամբ լվացված հողը։ Չի լինի նման բան: Ասում են, շատերն են հիմա արտագաղթում Հայաստանից ու Արցախից, բայց ոչ ոք չի մտածում, որ մենք, այդ 14 հազար զոհված քաջերի հարազատներս, տեղ չունենք գնալու, որոհետեւ մենք կմնանք ու կպաշտպանենք մեր հերոսների աճյունները»:

Ժամանակին Ռոբիկն ասում էր. «Ես տեղ չունեմ գնալու: Եթե նույնիսկ թուրքերը գան, ես խրամատ կփորեմ իմ որդու գերեզմանի կողքին ու կպառկեմ նրա մոտ»…

Մարգարիտա Քարամյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս