Աշխարհի ավելի քան երեք հազար լեզվի անհետացման վտանգ է սպառնում. ՅՈւՆԵՍԿՕ
Աշխարհի ավելի քան երեք հազար լեզու թվային անհետացման սպառնալիքի առջեւ է: Այս մասին նշվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող «Լեզվական եւ մշակութային բազմազանությունը կիբերտարածքում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:
«Աշխարհի 7 հազար լեզուների կեսից ավելին չեն կարողանում ընդլայնել իրենց ներկայությունը կիբերտարածքում, այդ իսկ պատճառով այդ լեզուներին թվային անհետացում է սպառնում: Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի` այդ լեզուները պահպանելու համար»,-արձանագրվել է գիտաժողովում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաչյուն նշել է, որ կազմակերպությունը մշտապես աջակցել է, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր մայրենի լեզվով կրթություն ստանա: «Լեզուն է որոշում, թե ովքեր ենք մենք, դա մտածելու միջոց է: Մայրենի լեզվով ուսուցումը ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում չափազանց կարեւոր է»,-ընդգծել է նա: