Սարգիս և Անի Գևորգյանների հաղորդումների հիման վրա գործ է հարուցվել
Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Քաղաքացիներ Սարգիս Գ.-ն և Անի Գ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014-ի հունիսի 23-ին` տեղեկանալով Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին, իրենք ժամը 15-ի սահմաններում ժամանել են Երևանի Վրացյան 90 հասցեում տեղակայված ոստիկանության Կենտրոնականի բաժնի բակ, որտեղ ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Անի Գ.-ն միաժամանակ հայտնել է, որ նշված գործողություններով ոստիկանները խոչընդոտել են իր` որպես լրագրողի մասնագիտական գործունեությանը:
Կատարվում է նախաքննություն: