Բաժիններ՝

Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց.

«Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:

Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները:

«Ես կցանկանայի, որ շատ ակեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգտություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս: Ես պետք է հիշատակեմ ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ` ներողամտություն հայցելով, եթե չեմ ներառել բոլոր իմ ուսուցիչներին»,- ասաց նախարարը` խոստովանելով, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարևոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո։

Նա ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ-ի շրջանավարտների առաջ: Առանձին-առանձին անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան և պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարն առանձնակի շետադրեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը:

«Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ:

Նաև տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռնի:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձևավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է:

Ոլորտի ղեկավարը շրջաավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցակությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով:

Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններ ուղղեց հանդիպմանը ներկա առողջապահական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին և ուրիշների, ինչպես նաև ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման և կայացման գործում:

Նա ուսանողներին հորդորեց բաց չթողնել իրենց գործի գիտակ, ականավոր բժիշկների հետ շփվելու, նրանց աշակերտելու հրաշալի հնարավորությունը:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև աշխարհում և մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսևորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության և շատ այլ ոլորտերում:

Նախարարը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական համակարգին, բժիշկների իրավունքներին և այլ հարցերին:

Լսարանի ուշադրությունից անմասն չմնաց Մարիտիրոս Սարյանի «Հայրենիք» նկարով և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ ավարտվող սլայդը, որը խորհրդանշում էր հայրենիքում ապրելու, աշխատելու, կայանալու և մեր երկրի տարբեր ոլորտները զարգացնելու գաղափարը:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս