Օմբուդսմենը բացահայտել է, որ Գլխավոր դատախազությունը խախտել է Հմայակ Հովհաննիսյանի իրավունքը
Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:
Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ հաղորդումն ուղարկել էր հետաքննության մարմնին: Սակայն քննիչը քրեական գործ չէր հարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Խնդիրը ծագել է այն բանից, որ շենքի համասեփականատերը քանդել է այն տարածքի մուտքն ու աստիճանավանդակը, որտեղ գտնվում է նաև Քաղաքագետների միության գրասենյակը: Մինչդեռ դրանք ընդհանուր օգտագործման տարածքներ են, և ցանկացած նման փոփոխություն պետք է համաձայնեցվի բոլոր համասեփականատերերի հետ:
Քաղաքագետ Հովհաննիսյանը խնդրի վերաբերյալ դիմել է Պաշտպան Կարեն Անդրեասյանին:Գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննիչը բացատրություն է վերցրել միայն քանդման աշխատանքները կատարած համասեփականատիրոջից, հարցում չի կատարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ ընդհանուր օգտագործման տարածքների սեփականատերերի մասին տեղեկություն ստանալու համար, չի զննել դեպքի վայրը, գործում նույնիսկ չկան սեփականության վկայականները:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Գլխավոր դատախազին` մատնանշելով, որ քննիչը չի ապահովել գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը: Սակայն Դատախազությունը միջոցներ չի ձեռնարկել Պաշտպանի նշած խախտումները վերացնելու ուղղությամբ: Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:
Համաձայն Սահմանադրության, Քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի՝ Դատախազությունը հսկում է հետաքննության և նախաքննության օրինականությունը: Դատախազը լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի որոշումը և հարուցել գործ:
Օմբուդսմենը Գլխավոր դատախազությանը կոչ է անում կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց և հորդորում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել այսուհետև նմանատիպ դեպքերը բացառելու համար: