Գալուստ Սահակյանի սպասումներն իրականացան Վիլնյուսում
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ կանխատեսելի էր, որ Վիլնյուսում ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության շարունակության մասին համատեղ հայտարարություն կընդունվի: «Մենք այս մասին անընդհատ խոսել ենք, որ գործընթացներն ավելի ամրացված պետք է շարունակվեն ու նախագահի ելույթը, ընդունված համատեղ հայտարարությունը համարժեք են մեր ասպասումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ փոփոխությունների է հանգեցնելու այդ հայտարարությունը ԵՄ-ՀՀ հարաբերություններում, Գալուստ Սահակյանն ասաց. «Սա նորից մեկ անգամ վերահստատում է` Հայաստանը ժողովրդավրության ուղով է գնալու և այն չափորոշիչները, որոնք կիրառում էին եվրոպացիներն այս ուղղությամբ մինչև վերջ տանելու են»:
Գ. Սահակյանը ընդգծեց, որ նման հայտարարության «կարիք» ԵՄ-ի և ՀՀ-ի միջև կար, ապա ավելացրեց. «Առաջացել էր մեր հարաբերությունները վերահաստատելու խնդիր և համատեղ հայտարարության տեքստը կարծում եմ որևէ խոչընդոտ չի առաջացնի ոչ Մաքսային միությանն անդամակցելու և, ոչ էլ, ընդհանրապես, Հայաստանի գործառույթները իբրև անկախ պետություն շարունակելու համար»:
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք այդ համատեղ հայտարարությունը Եվրոպայի կողմից Ռուսաստանին ուղղված մեսի՞ջ էր` հասկացնելու համար, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայի հետ համագործակցությունը: Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե ինքը համաձայն չէ, որ դա մեսիջ էր ՌԴ-ին՝ նշելով, որ դրանք ընդամենը հերթական բամբասանքներ են. «Հիմա նորից կսկսի բամբասանքը, նորից նույն բանը… բայց ես համոզված ասում եմ, որ մենք շատ շահեկան վիճակում ենք գտնվում այս պահին, որովհետև «և-և» ծրագիրը հիմնականում իրագործման ճանապարհին է»:
Նրա խոսքով՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ ավելի կխորանան: Իսկ հարցին, թե՝ չե՞ք ափսոսում, որ 3.5 տարի տևած բանակցություններից հետո ընդամենը կես էջանոց հայտարարություն ընդունվեց, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Ոչ… նորանկախ Հայաստանի հենց սկզբից մենք համագործակցել ենք այն ուղղություններով, որոնք արծարծվեցին հայտարարության մեջ: Եվ հետո` Եվրոպան որևէ քայլ չի կատարել Հայաստանին ներքաշելու Խորը և համապարփակ առևտրի ծավալների մեջ, ոչ էլ բազան է ստեղծել դրա համար»:
Նա ընդգծեց նաև` Մաքսային միությունը չի նշանակում շրջափակում` օտարում աշխարհից: