
Վիլնյուսում մեկնարկել է ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այսօր մեկնարկել է «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովը: Ֆորումը տևելու է մինչև նոյեմբերի 29-ը: Դրան մասնակցում է ԵՄ-ի 28 երկրների ու «Արևելյան գործընկերության» նախագծի անդամ վեց երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս և Ադրբեջան) ղեկավարությունը:
Երկօրյա գագաթաժողովի ընթացքում 34 երկրների ղեկավարներն ու կառավարության անդամները քննարկելու են «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, հստակեցնելու են այդ ծրագրի ապագա զարգացման ուղղությունները:
Նշվում է, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ արդեն հայտնի է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվել են Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան: Բելառուսի պարագայում այդ հարցն անգամ չի էլ քննարկվել:
Միևնույն ժամանակ Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու իրենց պլանը չեն փոխել Մոլդովան ու Վրաստան: Պլանավորված է, որ այդ երկրների հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան Վիլնյուսում ներկայացված են լինելու նախագահի, Մոլդովան՝ վարչապետի, իսկ Բելառուսը՝ արտգործնախարարի մակարդակով: