Լյուդմիլա Սարգսյան. Թույլ չենք տա, որ ինչ-որ խամաճիկներ մեզ կոտրեն

Ինչպես տեղեկացրել ենք, ՍԴՀԿ արդեն նախկին անդամները ստեղծել են նոր կուսակցություն` «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը»: Այսօր էլ նորաստեղծ կուսակցությունը հայտ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն օրերս մերժել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն` ընդդեմ ՍԴՀԿ գործող ատենապետ Գևորգ Պերկուպեկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել որոշումը, թե 8-րդ համագումարի ժամանակ կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպեկյանը: Դրանից հետո ՍԴՀԿ-ից դուրս մնացած գործիչները, այդ թվում Լյուդմիլա Սարգսյանը, հիմնեցին նոր` «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը»:

Լյուդմիլա Սարգսյանը փոխանցեց նաև, որ նորաստեղծ կուսակցության համագումարը կանցկացվի հունվարի 7-ին: «Հայտարարությունն արդեն արված է պետռեգիստրում, մուծումներն արված են և այժմ պատրաստվում ենք հունվարի 7-ի հիմնադիր համագումարին»,- նշեց նա` ավելացնելով, որ համագումարի ընթացքում կհաստատվի Վերակազմյալ ՍԴՀԿ-ի ծրագիրը, կանոնադրությունը, վարչությունը, ապա հավանաբար հենց այդ օրը կամ հաջորդ օրվա ընթացքում արդեն ձևավորված կենտրոնական վարչությունը կընտրի կուսակցության ատենապետ:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց նաև, որ բոլոր այն անդամները, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՍԴՀԿ-ի հետ, շարունակելու են համագործակցել Վերակազմյալ ՍԴՀԿ-ի հետ, մարզային կառույցներն էլ, որոնք տարիների ընթացքում ձևավորել են, իրենց կազմում են աշխատելու: «Իրանք իրական կազմ չունեն: Մենք այսքան բան ենք արել ու թույլ չենք տա, որ ինչ-որ խամաճիկներ մեզ կոտրեն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս