
Իրանը ներկայացրել է ռազմածովային նոր ռադար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այսօր ներկայացրել է իր «Ասր» ռազմածովային նոր ռադարը: Տվյալ արարողությանը մասնակցել են Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին և իրանական բանակի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Աբդուլռահիմ Մուսավին:
Լայն հնարավորություններով «Ասր» ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) արտադրել է Իրանի ռազմածովային ուժերի Արդյունաբերական հետազոտությունների կազմակերպությունը:
Վերջին տարիներին Իրանի ռազմածովային նավատորմն ընդլայնում է իր ներկայությունը միջազգային ջրերում՝ պաշտպանելու համար ծովային ուղիները և ապահովելու համար առևտրանավերի ու լցանավերի անվտանգությունը:
Իրանի ռազմածովային ուժերը 2008 թվականի նոյեմբերից պարեկություն են իրականացնում Ադենի ծովածոցում՝ կապված ծովահենների դեմ պայքարի հետ: